Ford Fusion-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագյուղ - Բուժական ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 40 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի թիվ 46 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ պարզելու են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորներն ազգականներ են։