Սուքիասյանը՝ Փաշինյանի մանրադիտակի ներքո

Սուքիասյանը՝ Փաշինյանի մանրադիտակի ներքո

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որին փաստորեն մեղադրում են իր պաշտոնական դիրքը սեփական բիզնեսին ծառայեցնելու համար: 

Սկանդալային հայտարարություն 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ տարվող պայքարին ու պաշտոնյաների ընտանիքներին պատկանող բիզնեսների հետ պետական համակարգի սերտ համագործակցությանը, նման տեսակետ է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ մասնավորեցնելով. «Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ բիզնես գործունեությունը փորձնական ուսումնասիրության առարկա ենք դարձրել։ Արդեն ունենք հարուցված վարույթներ, որոնցից մեկը, ի դեպ, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործունեությանը։ Եթե եզրակացությամբ արձանագրվեց, որ, այո, կա խախտում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմելու է Ազգային ժողով, բարձրացնելու է Խաչատուր Սուքիասյանի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը, ընդ որում, դիմելու ենք ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև Սահմանադրական դատարան»,- մասնավորապես ասել է Հայկուհի Հարությունյանը: 

Փաշինյանի շոուն 

Խաչատուր Սուքիասյանը մանդատից, իհարկե, չի զրկվի: Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է նրան ավելի կառավարելի դարձնել, մյուս կողմից՝ փիառվել ու ցույց տալ, թե չի խնայում անգամ յուրային օլիգարխին:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանը Սուքիասյանի դեմ հավաքում է նյութեր, որոնք քրեական կամ այլ վարույթների հիմք կարող են դառնալ հաջորդ իշխանությունների օրոք:

Վահրամ Բագրատյան