Հայկական ֆուտբոլի թշվառությունը

Հայկական ֆուտբոլի թշվառությունը

Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 24-րդ հերթական ժողովը, որի ընթացքում նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
Նա ստացավ 20 ձայն, իսկ երկրորդ թեկնածուն՝ Արաս Օզբիլիզը՝ 3 ձայն: Արասի օգտին քվեարկել են «Փյունիկ», «Ուրատու» և «Դովեղ» ֆուտբոլային ակումբները: Շիրակը և Նոան չեն մասնակցել ժողովին:

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ հայկական ֆուտբոլի ազդեցիկ ակումբները, մարզական աշխարհը կոնսոլիդացվել էին Արաս Օզբիլիզի թեկնածության շուրջ՝ հաղթեց Արմեն Մելիքբեկյանը: 

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Ֆեյք ՀԿ-ները և անհայտ գործունեություն ծավալող ակումբները այսօր որոշեցին հայկական ֆուտբոլի ապագան` ընտրելով Մելիքբեկյանին որպես Ֆեդերացիայի նախագահ»,- դիպուկ բնութագրել է նա:
Վստահաբար կարելի է պնդել՝ Մելիքբեկյանը հաղթել է միայն այն բանի շնորհիվ, որ ունեցել է երկրի քաղաքական իշխանության աջակցությունը:

Մյուս կողմից, տարօրինակ է, որ ազդեցիկ «Ուրարտուն» կամ «Փյունիկն» այդպես էլ չկարողացան Օզբիլիսի շուրջ ավելի լայն կոնսոլիդացիա առաջացնել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում այս ակումբների բավականին ազդեցիկ սեփականատերերին:

Օզբիլիսը ժողովում իր ելույթի առանցքը դարձրել էր արդարության բաղադրիչը: «Վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որ որևէ մեկը չասի՝ խաղը ծախված էր կամ պայմանավորված։ Արդար աշխատելու եմ բոլոր ակումբերի հետ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Արմեն Մելիքբեկյանին, ապա տպավորություն է, որ նա հայկական ֆուտբոլի «Փաշինյանն» է: «ՀՀ-ում միևնույն էլիտար բուրգ ձևավորելու միտում կա, թե մեր անդամները նույն ձայները չպիտի ունենան»,- ասել է նա՝ կրկնելով էլիտաների դեմ Փաշինյանի հայտնի թեզերը:
Ավելին, անգամ ՀՖՖ ժողովում Փաշինյանի ֆուտբոլային դեսանտը չխորշեց, այսպես ասած, աշխարհաքաղաքական շահարկումից և «ինքնիշխանական» կեցվածքից՝ «սուր ճոճելով»

«Ուրարտու» ակումբի նախագահի ռուսերեն խոսքի դեմ:
Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները շարունակում են անհաջող ելույթների շարքը. մինչև 21 տարեկանների հավաքականն ավելի քան երկու տարի որևէ հաղթանակ չի տարել ու հաճախ խոշոր հաշվով պարտություններ է կրում, մինչև 19 տարեկանների հավաքականը վերջին 10 խաղերից 8-ում պարտվել է, մինչև 17 տարեկաններինն էլ վերջին 5 խաղերում 18 գնդակ Է բաց թողել՝ խփելով միայն 2-ը:

Չնայած այս ակնհայտ ձախողումներին՝ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում ու, թերևս, դրանից կհեռանա՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հեռանալուն զուգահեռ: Սա է մեր իրականությունը. Արաս Օզբիլիսի թեկնածության շուրջ կար ֆուտբոլիստների, հայտնի մարզիկների լայն կոնսոլիդացիա, բայց նա պարտվեց, որովհետև Փաշինյանի յուրայինը չէ: Ու ոչինչ, որ տեղի ունեցածի հետևանքով պարտվում է ֆուտբոլը:

Վահրամ Բագրատյան