Մի կողմից քաղաքապետարանն է նեղում, մյուս կողմից՝ դժվար ապրուստը․ արցախցի ընտանիքի հոգսն ու դառնությունը

MediaHub-ին ահազանգած Արմինե Ասատրյանը տարիներ առաջ վերաբնակեցման ծրագրով Արցախի Քաշաթաղի շրջանի Արախիշ գյուղում է հաստատվել։ 2016-ին աշխատանքի անցնելու կապակցությամբ տեղափոխվել է Բերձոր, հաշվառումը, սակայն, մնացել է անփոփոխ։ 11-ամյա որդու հիվանդության պատճառով Արմինեն տեղափոխվել է Հայաստան, հետո հետ վերադարձել Արցախ։
Տեղահանվելուց հետո ամուսնու հետ ապրել են Արտաշատում։ Կինն ասում է, որ դա բնակարան չէր, այլ ավտոտնակ, որտեղ բնակության համար ոչ մի պայման չկար.
«Երկար ժամանակ ապրել ենք «գարաժ»-ում, ոչ մեկից ոչ մի օգնություն չենք ստացել։ Միայն տարածքի տերը մեզ անվճար էր այն տրամադրել։ Հետո 2020-ին փոխհատուցումների ծրագրով Արտաշատ-Դալար խճուղի 5-ում 2 սենյականոց տուն ենք կառուցել։ Այն դեռ ավարտին հասցված չէ, փոքր տարածք է, մենք էլ մեր ուժերի չափով կարողացել ենք հարմարացնել, միայն թե «գարաժից» դուրս գանք»,- ասում է Արմինեն։
Ավտոտնակները, որտեղ ապրել են ժամանակին, հիմա արդեն որպես աշխատատեղ են ծառայում։ Կնոջ խոսքով, սակայն, Արտաշատի քաղաքապետն ու ճարտարապետը խոչընդոտում են։
«Ամուսինս արհեստավոր է։ Մենք այդտեղ գյուղատնտեսական գործիքներ ենք հավաքում պատրաստում։ Բայց քաղաքապետարանն ասում է, դա քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում։ Գալիս ասում են գործ մի արեք, նույնիսկ տարածքի տիրոջն են տուգանել»։
Արմինե Ասատրյանն առ այսօր ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ չի ստացել, իր խոսքով՝ չնայած հիվանդ երեխային, որևէ մեկն իրենց ընտանիքին չի աջակցում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
«Օդի մեջ կախված եմ։ 2 սենյակները, որ կառուցել ենք, դեռ հաշվառված չենք փաստաթղթերի պատճառով։ Չեմ հասցնում նույնիսկ խանութներում կուտակված պարտքերը տամ, կամ կոմունալները վճարեմ, մի կողմից էլ քաղաքապետարանն է նեղում»,- ասաց նա։
Ահա նման անորոշության մեջ է հայտնվել ընտանիքը, հույսով, որ մի դուռ կբացվի…
Հունան Թադևոսյան