Արցա՛խ, պինդ կաց, Արցա՛խ, ցավդ տանի՜մ. աղոթք՝ շնորհավորանքի փոխարեն

Արցա՛խ, պինդ կաց, Արցա՛խ, ցավդ տանի՜մ. աղոթք՝ շնորհավորանքի փոխարեն

Սիրելի ընթերցող. 

2022 թվականը բարդ, հակասական, ողբերգություններով լի տարի էր: Այն, ցավոք, դարձյալ լի էր կորուստներով՝ 44-օրյա պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակեց ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ, խլելով հարյուրավոր ընտանիքների արժանի զավակների կյանքեր: Տարին եկավ ապացուցելու, որ բոլորիս մտահոգությունն Արցախը հանձնելու մասին հեռու չէ իրականությունից և տարին ամփոփելով էլ հասկանում ենք՝ Արցախի ճակատագիրը հարցականի տակ է ու մշուշոտ: Արդեն քսան օր է մեր Արցախը, հազարավոր հայորդիների արյամբ պահած մեր հողը շրջափակման մեջ է և դեռ որքան այսպես՝ անհայտ է:

Կորուստներ ունեցանք նաև սահմանից հեռու. Երևանի սրտում՝ “Սուրմալու” առևտրի կենտրոնում ողբերգական պայթյունը տասնյակից ավելի ընտանիքներ սուգ բերեց:  Եղան նաև այլ ողբերգական դրվագներ… կյանքի շրջապտույտն է:

Ամփոփելով տարին, թերևս, միակ ցանկությունը գալիք 2023-ից այն է, որ առանց այդ էլ իր պատմության ամենադաժան ժամանակաշրջաններից մեկն ապրող Հայաստանը վերջապես մի փոքր շունչ քաշի, այլևս չկորցնի իր զավակներին սահմանին, սահմանները լինեն ամուր ու անառիկ, հայ ժողովուրդը զերծ մնա ողբերգություններից, ձերբազատվի դավաճաններից, կարողանա մեջքն ուղղել ու ապրել արժանապատիվ: Դրա համար առաջին հերթին խաղաղություն է պետք՝ արժանապատիվ խաղաղություն, իրական, այլ ոչ մտացածին խաղաղություն, որի հիմքում չերևացող վտանգներն են:  

Սիրելի ընթերցող. 

Շնորհակալ ենք, որ այս տարին ևս MediaHub-ի հետ էիք՝ վստահում, կարդում, հավատում, կիսվում ձեր խնդիրներով ու ակնկալում, որ մենք չենք անտեսի դրանք: 2023-ին դարձյալ կլինենք միասին՝ մենք ձեր կողքին, դուք՝ մեր: Դարձյալ կփորձենք մեկս մյուսով այս դժվար շրջափուլից ճիշտ ու նվազ ցավալի ելք գտնել: Պինդ լինել: Միասնական:

Թող գալիք տարին բոլորիս ուժ բերի, իմաստնություն, համբերություն ու արդարություն: Իսկ ամենակարևորը՝ խաղաղություն: Չափազանցություն չի լինի պնդելը, որ մեզանից շատերի ցանկությունն է, որ հայկական Արցախը հավերժ հայկական մնա, ու հուսանք՝ այդպես էլ կլինի: 

Արցա՛խ, պինդ կաց, Արցա՛խ, ցավդ տանի՜մ

Աստված բոլորիս պահապան. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: 

 

Լիա Խոջոյան