Ի՞նչն է արդարացնում Փաշինյանը 

Ի՞նչն է արդարացնում Փաշինյանը 

«44–օրյա պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ ունենք»,- կառավարության երեկվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի նիստերում: 

Այստեղ ամենևին չենք ուզում կասկածի տակ դնել Փաշինյանի պնդումը, մանավանդ, որ պատերազմներից հետո նման երևույթներ լինում են, եթե հատկապես պետությունները բախվում են անարդյունավետ կառավարման հետ:

Միանգամից այլ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էին զբաղված իրավապահ մարմիններն անցած չորս տարիների ընթացքում, ինչո՞ւ այս ուղղությամբ արդյունավետ գործունեություն չի ծավալվել, մանավանդ, եթե ԱԽ-ն պարբերաբար անդրադարձել է այս հարցին:

Ու վերջապես՝ ինչո՞ւ հանկարծ հիմա Փաշինյանը հիշեց այս հարցի մասին:

Բանն այն է, որ երկրում հիմա իսկական քրեական բում է, ծանր հանցագործությունների թվի աճ: Այս համատեքստում հաճախ են հնչում քննադատություններ, պահանջներ, որ ոստիկանության, իրավապահ այլ մարմինների ղեկավարներն իրենց տեղերում չեն: Ընդ որում, այս քննադատությունը շատ հաճախ հնչում է ոչ միայն ու ոչ այնքան ընդդիմության, որքան քաղաքացիական հասարակության տարբեր սեգմենտների կողմից:

Եվ ահա, տպավորություն է, որ Փաշինյանը փորձում է իր պաշտպանության տակ առնել իր ենթականերին, հատկապես՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:

Վահրամ Բագրատյան