Թող մանդատները վայր դնելու պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից

«Դիմադրության շարժումն» այսօր առավոտյան անհնազանդության ակցիա էր իրականացնում Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում։ Շարժման առաջնորդներից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհնազանդության ակցիաները, ցավոք, այսօր լավագույն միջոցն են քաղաքացիների հետ երկխոսելու համար, մինչդեռ նախկինում ԱԺ ամբիոնն էր ծառայում այդ առաքելությանը։
Նրա խոսքով՝ այժմ ԱԺ-ն չի իրականացնում այն գործառույթները, որոնք պետք է իրականացներ։ Ավելին, ըստ Վարդևանյանի, այս իշխանությունն ուզում է միայնակ մնալ խորհրդարանում։
«Իրենք մանդատներից զրկելուց են խոսում, ես հորդորում եմ այդ պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից»,- ասաց նա, ապա հավելեց՝ ՔՊ-ական պատգամավորներն, ի վերջո, հունիսի 3-ի նիստին, որի օրակարգում պարզ հայտարարության տեքստ էր այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, չէին եկել։
«Այդ հայտարարությամբ նշվում էր, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ, կարողանա ճիշտ դիրքերից բանակցություններ վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և չպետք է գործի Անկախության հռչակագրի դրույթներին հակառակ։ Իրենք այդ նիստին չէին եկել, բայց եկել էին նախորդող նիստերին»,- նկատեց Վարդևանյանը։
Նրա դիտարկմամբ՝ Իշխան Սաղաթելյանն այդ մանդատների թեման ամփոփելու համար շատ լավ ձևակերպում է տվել՝ ասելով․ «Թող հունիսի 3-ի տեքստը ընդունեն, մենք էլ մանդատները դնենք, պաշտոնները արդեն իսկ դրել ենք, մեր կողմից էլ պարգևավճարները կտանք իրենց, մանդատները, պաշտոնները, ամեն ինչ իրենց, միայն թե թող ընդունեն հունիսի 3-ի տեքստը»։
Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք մանդատները դնելու կաշկանդվածություն չունեն և եթե իմանան՝ մանդատները վայր դնելը հավելյալ արժեք կարող է ստեղծել, կդնեն։