Ցավում եմ, որ մշտապես եկեղեցու կողքին կանգնած գործիչները վախեցնում են եկեղեցուն նույնքան, որքան իշխանությանը

Չորս տարի առաջ հայերի սրտերը կանգ առան․․․ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ, որի արդյունքում ունեցանք 4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ: Ամիսներով մայրերը փնտրում էին իրենց որդիներին, ոմանք մեկ-երկու տարի հետո միայն հնարավորություն ունեցան հուղարկավորել ամենաթանկերին, իսկ 8 տասնյակից ավելի մասունքներ այսօր էլ դիահերձարաններում են:
44-օրյա արյունալի պատերազմի բոլոր զոհվածների անուններն այսօր էլ՝ 4 տարի անց, դեռ պաշտոնապես հրապարակված չեն։
Պատերազմի այսպիսի ավարտի մեջ հասարակությունը մեղադրում է թե՛ իշխանություններին, թե՛ այլ երկրներին, ոմանք էլ բոլորին: MediaHub–ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շաբլոն ձևակերպում է՝ հանրային մեղքի պատասխանատվությունը բոլորի վրա լղոզելու, քանզի կա հստակ մեղավոր՝ այս ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«44–օրյա պատերազմի, կապիտուլյացիայի, անմեղ զոհերի, առ այս պահը բանտերում գտնվող ռազմագերիների, Արցախի ոչնչացված և ամեն օր ոչնչացվող ժառանգության և զոհերի համար իմ կամ ձեր մեղքը ո՞րն է, մեղավորն այս ռեժիմն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այո՛, իրենք բոլորը մեղավոր են, մեղավոր են առաջին հերթին քաղաքական և ռազմական էլիտան։ Առավոտյան այն զգացողությամբ արթնացա, որ արդյո՞ք մենք այնքան են բթացել, որ այլևս հաշտվել ենք, մարսել ենք այս դաժան իրողությունը... այդպես չի՛»,– նշեց Զոհրաբյանը։
Աշխարհում բազմաթիվ բռնակալներ են եղել, ըստ ԱԺ նախկին պատգամավորի, որոնք յուրաքանչյուրի հետ կարողացել են պայմանավորվել, կարողացել են հոգևորականներ գնել, կարողացել են քաղաքական գործիչներ գնել, այդ թվում՝ ընդդիմադիր, բայց մեկ բանի հետ որևէ մեկը չի կարող պայմանավորվել՝ դա բումերանգն է։ Նշեց՝ նկատի ունի թե՛ քաղաքական էլիտային, թե՛ պատերազմի ժամանակ ռազմական էլիտային, օրինակ՝ Ջալալ Հարությունյանին, Օնիկ Գասպարյանին, այս պահին Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին, որին անպայման պետք է դատի ՀՀ արդարադատությունը ոչ թե Ալիևը։ «Նիկոլի գլխավորությամբ՝ նիկոլյան ռեժիմի, այս բոլորի հայկական Նյուրնբերգը լինելու է»,- շեշտեց նա։
Ըստ Զոհրաբյանի, մի տարբերակ ունեն պատասխանատվությունից խուսափելու՝ Իլոն Մասկի հետ պայմանավորվեն, որ Մարսում իրենց համար բնակության տեղ «բրոնյա անեն»։
Հարցին, թե այս ռեժիմի հետագա կառավարումը կանխելու միջոց արդյո՞ք կարող է դառնալ Սրբազան պայքարը, որը պատրաստվում է ակտիվանալ հոկտեմբերից, Զոհրաբյանը նշեց՝ կախված է հասարակությունից։
«Եթե մարդիկ պետք է նստեն տանը և ֆեյսբուքով հետևեն, եթե ընդդիմությունը վհուկների որս սկսի, եթե ինչ–որ գործիչներ պետք է պաշտոններ բաժանեն, երբ դեռ այս մարդը իշխանության է, եթե այս օրակարգով է կրկին ամեն ինչ գնալու, ապա ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ ոչինչ չի ստացվի»,– ասաց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է Էջմիածնում կայանալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը և Մայր Տաճարի վերաօծմանը, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինչպես և շատ ընդդիմադիրներ հրավիրված չէ։
«Տեղեկացա, որ առաջնորդվելով Վեհափառի ցուցումով՝ խիստ արմատական գործիչներին ձեռնպահ են մնացել հրավիրելուց, բայց իմ վերաբերմունքը դա չի փոխում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Շատ ցավալի է, որ մի իշխանություն, որ կաթողիկոսի մուտքն է արգելում Սարդարապատ, մի իշխանություն, որի ԱԺ նախագահը եկեղեցուն անվանում է «դուք ընդամենը գինի և կոլա ծախող եք», հրավիրված է, իսկ այն գործիչները, ովքեր մշտապես կանգնած են եղել եկեղեցու կողքին, վախեցնում են եկեղեցուն նույնքան, որքան իշխանությանը»,– նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ այսօր Եռաբլուրում տեղի ունեցած տհաճ միջադեպին, երբ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը փորձել էր խոչընդոտել ՔՊ-ականների մուտքը՝ վերջինիս անվանելով «արյան մեջ թաթախված մարդասպան»։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն իրեն ուղեկցող թիկնապահներին հրահանգել էր․ «Էս զիբիլի վրի կատվին տարեք»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Նախկին որևէ իշխանության ժամանակ, ԱԺ որևէ նախագահ որևէ գործչին, կամ քաղաքացու հրապարակավ ասեր «զիբիլի վրի կատու»՝ սորոսական ՀԿ–ները իրենց մարմնամասի բոլոր անկյունները կճղեին: Էս հասարակությանը բթացնելու համար ի՞նչ են ջրի հետ խառնում, որ այսպիսի դեպքերին անտարբեր են արձագանքում: Իրենք իրենց պահում են այնպես և այնքան, ինչքան մենք ենք թույլ տալիս»։
Մարիաննա Արամյան