Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատության մեջ է․ ինտրիգներ՝ տնօրենի աթոռի համար

Երկու ամիս առաջ կալանավորվել էր Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենը՝ Կարեն Խաչատրյանը, որը, ինչպես ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ընկերն է։
Կարեն Խաչատրյանը մեղադրվում է տուն-ինտերնատի բնակիչներին խոշտանգելու և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մեջ։ Մասնավորապես, մի դրվագով, ըստ մեղադրանքի, «հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին»:
Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանն արդեն ազատության մեջ է: Երկու ամիսների ընթացքում տուն-ինտերնատը տնօրեն չի ունեցել, Խաչատրյանի լիազորություններն էլ դադարեցված են։
Վաղն արդեն նոր տնօրենի մրցույթն է կայանալու և այդ գործընթացը՝ MediaHub-ի տեղեկություններով, այդքան էլ խաղաղ չի ընթանում։ Աշխատակիցներից շատերը նախկին տնօրենին են պահանջում, ասում են՝ Խաչատրյանը ոչ մի բանում մեղավոր չէ։ Սակայն նախկին տնօրենը մրցույթին մասնակցել չի կարող․ իր գործով նախաքննությունը շարունակվում է։
MediaHub-ի տեղեկություններով՝ թեկնածուներից մեկը Վարդենիսի փոխոստիկանապետ Սիմոն Սիմոնյանի եղբայրն է՝ ավագանու ՔՊ-ական անդամ Կարեն Սիմոնյանը, որը ֆիզիկայի ուսուցիչ է։
Թեկնածուներից մյուսն էլ համայնքապետարանի աշխատակից Խաչիկ Բարսեղյանն է, որն իրեն, ինչպես ասում են, արդեն տնօրեն է համարում։ Մեզ պատմեցին, որ Բարսեղյանը գնացել է տուն-ինտերնատ, ասել, որ վերջ, ինքն է տնօրենը։
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Բարսեղյանի մոտ վստահությունը պայմանավորված է նրանով, որ մրցույթի հարցաշարը վերջինիս ձեռքում է հայտնվել, ասում են՝ ԿԳՄՍՆ-ից են հարցաշարը փոխանցել։ Վարդենիսում կասկածում են Բարսեղյանի գրագիտության վրա, ասում են նույնիսկ տառաճանաչ չէ, բայց երբեմնի ընդդիմադիրը ՔՊ-ի հետ մտերմություն է անում, որ տնօրենի աթոռին հայտնվի։
Հիշեցնենք, որ փետրվարին ձերբակալվել էին ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը՝ մի շարք չարաշահումների համար։ Տուն-ինտերնատում զննության ընթացքում պարզվել է, որ բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:
Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները: Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը: Ավելի ուշ դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։
Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ և նա կալանավորվել էր, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել էր մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը:
Լիաննա Թորոսյան