Վերին Շորժայի ձորակում, հավանաբար, ևս 4 դի կա․ զոհված զինծառայողի հայր

Վերին Շորժայի ձորակում, հավանաբար, ևս 4 դի կա․ զոհված զինծառայողի հայր

Վերին Շորժայի ձորակում, հավանաբար, էլի դիեր կան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ-ի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը։ 

Ղազարյանը հիշեցրեց, որ այս ամսվա առաջին օրերին Ադրբեջանը ՀՀ-ին է հանձնել 10 դի, որից մեկն իր որդին է եղել։ 

«Որդուս գտանք, բայց ես դեռ կապի մեջ եմ մյուս ծնողների հետ, իմ որդու հետ եղած չորս զինծառայողի ճակատագիր դեռ անհայտ է։ Ասում են՝ կրկին ձորակում են, բայց ինձ տեղեկություններ են հասել նաև, որ տվյալ ձորակը մաքուր է, նույնիսկ ասում էին՝ ձորակի այդ հատվածները վառել են։ Մարդիկ տարակուսանքի մեջ են, չգիտեն՝ ո՞րն է ճիշտ, որն է սխալ, բայց ակնհայտ է, որ փաստի առաջ են կանգնել... եթե նույնիսկ դիակներ կան, էլ ոչինչ չի մնացել, ծնողները գնալու են, կմախքները հանե՞ն»,- ասաց նա։

Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ խնդիրն այն է, որ իրական մեղավորներն անպատիժ են մնում. «Թող որդիս վերջին զոհը լինի, բայց մեղավորները պետք է պատժվեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում նա հայտնել էր, որ որդու՝ Սերյոժա Ղազարյանի դին իրենց են հայտնել որդու ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, 207 զոհ ունի, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ կան։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են՝ 79 զոհ և 282 վիրավոր։ 

Լիաննա Թորոսյան