Որդուս ծննդյան օրը «նվեր» արեցին, դիակը հանձնեցին, հուղարկավորեցի․ Սերյոժա Ղազարյանի հայր

Որդուս ծննդյան օրը «նվեր» արեցին, դիակը հանձնեցին, հուղարկավորեցի․ Սերյոժա Ղազարյանի հայր

Որդուս՝ Սերյոժայի դին Վերին Շորժայի ձորակից հանել են։ Այնքան ձգձգեցին, ԴՆԹ պատասխանից հետո դիակը հանձնեցին, որդուս ծննդյան օրը «նվեր» արեցին, հուղարկավորեցի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը։

«Որդուս դիակի հետ ևս 9-ը դի են հանձնել, Շուշիով են բերել։ Մեկ շաբաթ անց ինքնությունները պարզվեց։ Դիերն արդեն նեխում էին, չգիտենք՝ սառնարանում են պահել, թե հողի տակ․ այս գործով քննություն է ընթանում, սպասում ենք քննության ընթացքին»,-ասաց նա։ 

Սերյոժայի տարեդարձը նոյեմբերի 7-ին է։ «Նախորդ տարի դիրքերում է նշել, նկարներ ունի, իսկ այս տարի արդեն՝ գերեզմանոցում։ Չգիտենք, թե էլ ինչի սպասենք, ինչ կլինի։ Ախր, հնարավոր էր փրկել այդ երեխաների կյանքը. հրաման չեն տվել կամ նման բան, եթե ճիշտ է այս տեղեկությունը, ապա պետք է հասկանանք, թե ինչու հստակ հրաման չի տրվել, գուցե պլանավորված դավաճանություն է եղել»,-ասաց նա։

Հոր խոսքով՝ շատ հարցեր ունի, որոնք դեռ պատասխան չեն ստացել․ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առաջ եկավ, ինչպե՞ս են նրանց հարձակումները հաջողությամբ պսակվում, իսկ հայկական կողմը միշտ տուժում է։ 

Սերյոժան 2002 թվականին է ծնվել, 1․5 տարվա ծառայող էր։ Հայրը պատմեց, որ որդին սկզբում ծառայել է Ճամբարակում, որից հետո պարբերաբար դիրքեր է բարձրացել։ 

Լիաննա Թորոսյան