Առաջարկում եմ չմասնակցել այդ տեքստի քվեարկությանը․ ՔՊ-ականը՝ Ադրբեջանին դատապարտող նախագծի մասին
Անդրանիկ Թեւանյանի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի փակման համար կրկին պատասխանատվություն է սահմանվում Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ինչը կարող էր հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, հիմնավորելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ընդդիմադիրների ներկայացրած Ադրբեջանին դատապարտող նախագիծը մերժելու որոշումը։
Կարապետյանի ելույթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ ներկայացրեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունը եւ նշեց, որ այն մերժվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։
ՔՊ-ական Կարապետյանը հիմնավորում է, թե ինչու․
«Պարոն Թեւանյանը հայտարարության տեքստի մեջ մի այսպիսի ձեւակերպում արեց՝ "Ադրբեջանը, հենվելով կամ խմբագրելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները, փակել է Լաչինի միջանցքը"։ Այս ձեւակերպման համար թերեւս կարող էր հայտարարության տեքստը մերժվել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջարկում է խորհրդարանին չմասնակցել հայտարարության տեքստի քվերակությանն այն ըմբռնմամբ, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ եւ այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ»,-ասաց Կարապետյանը։
Վերջինս նշեց, որ, այնուամենայնիվ, առաջարկել են «Հայաստան» խմբակցությանը փոխել հայտարարության տեքստը՝ շատ հարցերում համակարծիք լինելով ընդդիմադիրների տեսակետի հետ, օրինակ՝ Ալիեւի մղումների մասով։
«Հայաստանում կա համատարած կոնսենսուս առ այն, թե ինչ մտադրություններ ունի հարեւան պետությունը, այն է՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումն ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան»,-նշեց Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանութում։