Մեզ մոտ խաղաղ է․ մանրամասներ Չինարիից

Մեզ մոտ խաղաղ է․ մանրամասներ Չինարիից

Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Թշնամու թիրախում է եղել նաև Տավուշի մարզի Չինարի գյուղը։

«Մեզ մոտ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, այսինքն՝ մարդիկ դա չեն զգացել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։  

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ։ «Մարդիկ հանգիստ են, ամեն ինչ խաղաղ է, մի քանի կրակոց է եղել, բայց առավոտյան են մարդիկ դրա մասին իմացել»,- նշեց Սաղոյանը։

Նշենք, որ Չինարիից բացի կրակոցներ են եղել նաև Մովսես գյուղի ուղղությամբ, որտեղ բնակելի մի քանի տան ապակի ու տանիք են վնասվել։

Նարե Գնունի