Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին

Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով ու միանգամայն բնական է ներկա պայմաններում։ Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և այդ պահից այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղի տարածքում, դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի քննարկման թեմա՝ առանց Հայաստանի մասնակցության։ Երկրորդն այն է, որ 2023 թվականին Ադրբեջանը սկսեց հարձակման երկրորդ ալիքն ու գրավեց Լեռնային Ղարաբաղը, իսկ հայ բնակչությունն ամբողջությամբ լքեց դրա տարածքը, պարզապես այնտեղ չմնաց։ Ըստ այդմ, սրա հետ կապված ռուս խաղաղապահների՝ այնտեղ մնալու անհրաժեշտությունը սկսեց մոտենալ զրոյի»,- ասաց նա։

Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը նախատեսում է «չեզոքացնել հայերի ներկայության հետքերը» հանրապետությունում, ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ հակամարտության պատճառ կդառնար երկու կողմերի համար։

«Կարելի է կառչել հայ բնակչության որոշ մասի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հեռանկարից, կարելի է պաշտպանել այն գաղափարը, որ խաղաղապահներն այնտեղ են երաշխավորելու հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների, այդ թվում՝ համաշխարհային պատմական նշանակության հուշարձանների պահպանությունը։ Բայց այս դեպքում դա ամբողջովին կախված կլինի հենց Ադրբեջանի բարի կամքից, այս հարցում իր՝ բաց լինելը ցույց տալու ցանկությունից ու Ղարաբաղի տարածքում իր հետագա անելիքների վկա լինելու ցանկությունից։ Ըստ ամենայնի, այն պատրաստվում է կլանել այս տարածքը և աստիճանաբար վերացնել հայերի առկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս իրավիճակում ռուս խաղաղապահները հակամարտության պատճառ էին դառնում. եթե նրանք սկսեին բողոքել դրա դեմ, դա խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Պատգամավորի խոսքով՝ խաղաղապահների դուրսբերումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու պատճառներ չկան։

«Ինչպիսի՞ պատերազմ կարող է լինել արդյունքում։ Պատերազմ կարող է լինել, եթե Հայաստանում մարդիկ գան իշխանության և դադարեն զիջել Հայաստանի տարածքն ու հայկական ազգային շահերը, Ադրբեջանը սրա հետ չի համաձայնվի։ Բայց այսօրվա իրավիճակում ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հեռանկար՝ կապված ռուս խաղաղապահների հետ։ Այնտեղ հայեր չեն մնացել»,- հավելել է Զատուլինը։