Երևանում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Գարեգին Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Էրիկ Բարսեղյանի վարած Benelli մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Բախման հետևանքով մոտոցիկլետից դիզվառելիքի արտահոսք է սկսվել, փրկարարները դադարեցրել են այն, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։