Փաշինյանի օրոք ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են ասֆալտապատված ճանապարհներով

Հիմա ամենաոսկի ժամանակն է, որ շինարարական ընկերությունները վարկեր վերցնեն՝ չնչին տոկոսադրույքներ են վճարելու: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Տնտեսությունը զարգացնելու և նոր աշխատատեղեր բացելու փոխարեն ՔՊ-ականներն իրենց նախարարի շուրթերով խորհուրդ են տալիս նոր պարտքեր հավաքել՝ թե ով է վերջում մարելու 11 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, ոչ ոք չգիտի: ՔՊ-ականներն ու Փաշինյանն այդ ժամանակ այլևս իշխանության չեն լինելու՝ կվայելեն իրենց գումարներն Արևմուտքում կամ աշխարհի որևէ անկյունում, իսկ հայկական տնտեսությունը ՔՊ-ի ժառանգած փլատակներից պետք է «մաքրեն» նոր իշխանությունները:
ՔՊ-ականներն որևէ տնտեսական հստակ ռազմավարություն չունեն՝ մարզերում, գյուղերում, ինչպես են ապրելու ՀՀ քաղաքացիներն օրինակ մեկ կամ երկու տարի անց: ՔՊ-ականները միայն իրենց բարեկեցության մասին են մտածում, իսկ թե ինչ կլինի ՀՀ արտագաղթող և աղքատության ճիրաններում ապրող ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց չի հուզում: 2018թ.-ից մինչև այսօր որևէ լուրջ ներդրումային ծրագիր ՔՊ-ն կյանքի չի կոչել՝ ասֆալտապատումը բարելավում է լոգիստիկան, սակայն եթե մարզերում և գյուղերում չկան աշխատատեղեր, սոցիալական աղետ է, ինչ օգուտ նոր ասֆալտից: ՀՀ քաղաքացիները Փաշինյանի օրոք տասնյակ հազարներով արտագաղթում են լավ ասֆալտապատված ճանապարհներով:
Հայկական տնտեսությունն աստիճանաբար մահանում է: Դա այն դեպքում, երբ դեռ թուրքական և ադրբեջանական սահմանները չեն բացվել և թուրքական կապիտալը չի գրավել ողջ հայկական տնտեսությունը:
ՔՊ-ականները 2018թ.-ից ի վեր ՀՀ քաղաքացիների տներ են բերել սուգ՝ Արցախում զոհված զինվորների հետ կապված, աղքատություն և արտագաղթի համար ստեղծել են բոլոր նախապայմանները:
Վահրամ Բագրատյան