Գործ ունենք ոչ թե «Հավաստի Աղբյուրի» հետ, այլ՝ Մեխի Գլխի․ Լևոն Զուրաբյան

Ո՞վ է այդ "Հավաստի Աղբյուրը"։ MediaHub.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «ՀԺ»-ի գրառմանը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն այսօր ներկայացրել էր Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը։
«Հենց այդ "Հավաստի Աղբյուրի" տիտանական ջանքերի շնորհիվ ենք հայտնվել այս վիճակում, երբ Ադրբեջանը համարձակվում է մեր առաջ նման պահանջներ դնել»,- նկատեց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ սույն "Հավաստի Աղբյուրը" հատուկ շեշտում է, որ պահանջները դասավորել է, ըստ նրանց մերժման դեպքում, պատերազմի վերսկսման վտանգի մեծության, այնպես որ կարելի է ենթադրել, որ նա հանրային հող է նախապատրաստում իր նշած ցուցակում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար։
«Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ "Հավաստի Աղբյուրը" նման «կրեատիվ» ճանապարհ է ընտրել Հայաստանի համար ճակատագրական, իսկ ավելի ճիշտ՝ էքզիստենցիալ քաղաքական որոշումների քննարկման համար, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում սահմանագծման համար առաջ քաշել (իսկ Հավաստի Աղբյուրը՝ հնչեցնել) 1919, 1920 թվականների քարտեզներ, որոնցում, բնականաբար, Զանգեզուրը նշում են Ադրբեջանի կազմում, ահա այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե "Հավաստի Աղբյուրի" հետ, այլ՝ Մեխի Գլխի»,- շեշտեց նա։
Ըստ Զուրաբյանի, փաստ է, որ նորից որևէ մանրամասն չի բացվում միջանցքի պահանջի վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերում էական նյուանսների մասին, այնպես որ բանակցությունների մասին տեղեկացնելու այս «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը։
Նարե Գնունի