Ադրբեջանը Սյունիքում զավթած տարածքում իրականացնում է ծառերի ապօրինի հատումներ․ «Շիկահող» արգելոցը վտանգված է
«Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը վտանգված է». այս մասին ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։ Ըստ հիմնադրամի նախնական ուսումնասիրության՝ հատվել է մոտ 10,000 ծառ։
MediaHub-ը կապ հաստատեց Ներքին Հանդ հյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։ Վերջինս նշեց, որ հատումներն իրականացվում են իրենց գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, իրենց կողմից դրանք տեսանելի չեն։
«Իհարկե՛, ծառահատումները մեծ վնաս են Հայաստանի էկոլոգիային, բայց դրանց մասշտաբներին ես տեղյակ չեմ, քանի որ մեր կողմից դա տեսանելի դաշտում չէ»,- նշեց Բաղդասարյանը։
Իսկ Շիկահող գյուղի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանն ասաց, որ իրենց գյուղում ծառահատումներ չկան։
«Շիկահողի արգելոցը» հիմնվել է 1958 թվականին։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի սոսիների պուրակում 200-250-ամյա հազարից ավել ծառեր կան, որոնք մինչ օրս պահպանվել են, քանի որ պուրակը բնական ծագում ունի։
«Մեր կողմից իսկապես չի երևում արգելոցի վնասները, բայց մենք խիստ մտահոգված ենք և՛ ծառերի, և՛ սահմանի անվտանգությամբ։ «Թաթոյան» հիմնադրամով ենք տեսել, որ մեր անտառներում ծառերի սպանդ է տեղի ունենում։ Արցախում բնապահպանական կեղծ շոու անելուց հետո նույն երկիրը հիմա զբաղված է իր համար մեր անտառների հաշվին անվտանգության գոտիներ կառուցելով»,- մեզ հետ զրույցում ասաց Կապան քաղաքի բնակչուհի Աստղիկ Հակոբյանը՝ նշելով, որ այդ ծառահատումները, որն իրականացնում է Ադրբեջանը, բերելու է նրան, որ ծառերը դադարելու են ինքնավերարտադրությունը, քանի որ դրանք հատվում են զինվորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։
«Այդ ճանապարհներով երթևեկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ»:
Մի շարք փաստարկներ ներկայացնելով` հիմնադրամը նաև նշել է, որ
Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատել են Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները:
Հունան Թադևոսյան