Ո՞վ է Արցախում պետական դավաճանության համար կալանավորված երկրորդ անձը

Երեկ MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ նախորդ ամիս Արցախում պետական դավաճանության դեպքերով կալանավորված երկու անձանցից մեկը ԱՀ պետական նախարարի խոսնակն է կամ ինչպես իր հստակ պաշտոնն է՝ ԱՀ պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչը՝ Սամվել Բալայանը։
ՀՀ ՔԿ-ի հայտարարության մեջ երկու անձի մասին է խոսվում. MediaHub-ին հայտնի դարձավ, որ մյուս կալանավորվածը Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար, ԱՀ նախագահի աշխատակազմի աշխատակից (տեղեկություն՝ նրա ֆեյսբուքյան էջից - խմբ.) Սեյրան Կարապետյանն է։
Հատկանշականն այն է, որ պետական դավաճանության մեջ կասկածվող երկու անձինք էլ մասնագիտությամբ լրագրող են, որոնք, ըստ մեղադրանքի, սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, շահեկան առաջարկության և պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև ԱՀ քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների, նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության բնակչությանը վերաբերող այլ տեղեկություններ՝ կատարելով պետական դավաճանություն:
Նշված երկու անձինք հետաքննության մարմնի կողմից ձերբակալվել են, իսկ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քննիչի կողմից նրանց մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Լիաննա Թորոսյան