Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Զվարթնոցի տաճար (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Զվարթնոցի տաճար (լուսանկարներ)

MediaHub.am-ը  շարունակում է իր  հետևորդների ուշադրությանը  ներկայացնել  Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քառասունհինգերորդ տեսարժան վայրը Զվարթնոցի տաճարն  է։

Զվարթնոցի տաճարը տեղակայված է Արարատյան դաշտում՝ Էջմիածին քաղաքից 3 կմ հարավ: Զվարթնոցի տաճարը տպավորիչ չափսերի եզակի ճարտարապետական ​​կառույց էր: Ժամանակին բնորոշ խաչաձև գմբեթավոր կամ բազիլիկային տիպի կառուցվածքի փոխարեն՝ Զվարթնոցը ներկայացնում էր բոլորովին նոր ոճ: Եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինությունն իր ժամանակի ամենաբարձր կառույցներից էր (45-49 մ): Կառույցը աչքի էր ընկնում իր զարմանահրաշ գեղեցկությամբ և թեթևությամբ: Կառուցումից 300 տարի անց տաճարը ամբողջովին ավերվել է երկրաշարժից: Այս պահին վերականգնվել է միայն շենքի առաջին մակարդակը: Այս տարածքում նաև տեղակայված է Հնագիտական թանգարան:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐԻ ՄԱՍԻՆ

1․ Ըստ հայ պատմիչ Սեբեոսի՝ Զվարթնոցը կառուցվել է Ներսես III կաթողիկոսի օրոք 640-650 թվականներին: 1989 թվականին տաճարի ավերակները և դրա շուրջ գտնվող հնագիտական տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Տաճարի անունը ծագում է հին հայկական «զվարթուն» բառից, որը նշանակում է «հրեշտակ»: Այսպիսով տաճարը կոչվել է «Հրեշտականոց»: 

2․ Զվարթնոցը հիմնադրվել է այն վայրում, որտեղ, ենթադրվում է, որ Տրդատ թագավորը հանդիպել է Գրիգոր Լուսավորչին․ հավանաբար Ներսես III- ը այդ իսկ պատճառով է կառուցել տաճարը հենց այստեղ: 

3․ Տաճարի օծմանը ներկա էր բյուզանդական կայսր Կոստաս Երկրորդը: Նա այնքան տպավորված էր կառույցի շքեղությամբ, որ վերադառնալով հայրենիք՝ վարձում է Զվարթնոցի ճարտարապետին, որպեսզի վերջինս նմանատիպ տաճար կառուցի Կոստանդնուպոլսում: Ճարտարապետը, դժբախտաբար, հիվանդանում է և ճանապարհին մահանում: