Հայաստանի սարերը հետաքրքիր են զբոսաշրջիկներին, իսկ հայ լեռնագնացներին՝ Կիլիմանջարոն, Էվերեստն ու Կազբեկը

Հայաստանի սարերը հետաքրքիր են զբոսաշրջիկներին, իսկ հայ լեռնագնացներին՝ Կիլիմանջարոն, Էվերեստն ու Կազբեկը

Լեռներով հարուստ Հայաստանում լեռնագնացությունը՝ որպես ճամփորդության ու հանգստի լավագույն տարբերակ, վերջին տարիներին նոր թափ է հավաքում։

Թե ովքեր են զբաղվում լեռնագնացությամբ, որ ուղղություններն են ավելի պահանջված՝ MediaHub-ը զրուցեց «Armland» արշավային ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի հետ։

Արտյոմը 13 տարի առաջ բացահայտեց, որ լեռներն այն վայրն են, որտեղ մարդիկ գտնում են իրենք իրենց, հետո հիմնեց «Armland»-ը, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ծանոթանալ մեր երկրին՝ բարձրից։

«Նախկինում շատ քիչ լեռնագնացների կարող էինք հանդիպել, բայց հիմա Հայաստանում արշավականների թիվն ավելանում է, արշավներից հետո էլ ցանկություն են ունենում ավելի բարդ լեռներ բարձրանալու։ Մարդիկ կան, որ մեզ հետ մի քանի լեռ բարձրանալուց հետո, ասում են, որ ուզում են Արարատը բարձրանալ, հետո ավելի բարձր լեռներ բարձրանալու ցանկություն են հայտնում։ Վերջին շրջանում էլ հայերը նաև ցանկություն են հայտնում այլ երկրների լեռներ բարձրանալ՝ Էլբրուս, Կազբեկ, Կիլիմանջարո։ Մենք էլ մեր խմբով իրականացնում ենք տուրեր դեպի Նեպալ, Աֆրիկա»,-ասում է նա։ 

Արտյոմի խոսքով՝ մարդիկ իրենց հետ ապահով են զգում և իրենց նպատակը ամեն ինչից վեր հենց մարդկանց անվտանգությունն ապահովելն է։

«Հայերի մոտ հաճախ խնդիրներ են լինում, որ համազգեստի բացակայության պատճառով չեն ուզում մասնակցել լեռնագնացության արշավներին՝ լեռնային համազգեստները մի քիչ ավելի թանկ են: Բայց մենք այդ խնդիրն էլ ենք հոգում, աջակցում ենք, կարևորում ենք, որ լեռնագնացությամբ զբաղվողներն ունենան համազգեստներ, որոնք տարիներ շարունակ օգնելու են նրանց բացահայտել նորը, գեղեցիկը, կարևորը»,-նշում է Արտյոմը։ 

«Armland»-ի հիմնադիրն ընդգծում է` վերջին տարիներին իրենց են միանում նաև զբոսաշրջիկները։

«Հիմնականում ՌԴ-ից են, բայց մեզ միացողների շարքում եվրոպացիներ էլ կան։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանի լեռներով՝ սիրով օգնում ու ներկայացնում ենք մեր երկրի հայտնի և ոչ հայտնի լեռները։ Բոլորն էլ տպավորված են հեռանում Հայաստանից։ Զբոսաշրջիկներին գրավում է 4090 մետր բարձրություն ունեցող Արագած լեռը։ Հետաքրքիր է նաև Գեղամա լեռները, որտեղ գտնվում է Աժդահակ լեռը՝ հրբխային լեռնաշղթա, որը զբոսաշրջիկների համար տպավորիչ է։ Մենք ամբողջ Հայաստանով և Արցախով ճամփորդություններ ենք կազմակերպում, բացահայտում ենք Հայաստանի ազգային պարկերը, պահպանվող տարածքները, արգելոցները, վայրի բնությունը։ «Հիմալայան պրոեկտն» այս տարի ենք սկսել, այս տարի Էվերեստի բազային ճամբար է լինելու»,-պատմում է նա։ 

Այն, որ լեռնագնացները հաճախ են վնասվածքներ ստանում, երբեմն մահեր են լինում, Արտյոմին պարտավորեցնում է ավելի զգույշ ու անվտանգ տեղափոխել իր հետ ճամփորդողներին.

«9 տարի է՝ «Armland»-ը կա ու բացի որոշ քերծվածքներից, ոտք ոլորելուց այլ վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել մեր լեռնագնացները։ Կոտրվածքներ, մահեր, կորել չեն եղել։ Կրկնում եմ՝ մենք անվտանգության համար ոչինչ չենք խնայում, անհատական մոտեցումներ ենք ցուցաբերում բոլոր մասնակիցներին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան