Աղբի «բեսպրեդել» Երևանի կենտրոնում (լուսանկարներ)

Երևանի կենտրոնը վերածվել է մեծ աղբանոցի:
Այս լուսանկարներից մեկն արվել է երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայում, Երևանի ամենաբանուկ հատվածում՝ նախկին Ռոսիա կինոթատրոնի դիմաց:
Ի դեպ, MediaHub-ը դեռ մեկ ամիս առաջ օրվա կադր էր հրապարակել՝ այս նույն վայրում բազմոց էր դրված, շուրջը՝ աղբ կուտակված, և մոտ երկու շաբաթ պահանջվեց, որպեսզի այս անճոռնի բազմոցը տեղափոխվի աղբավայր:
Երկրորդ լուսանկարն արվել է երեկ երեկոյան Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, որը դարձյալ վկայում է այն մասին, որ Երևանի կենտրոնը վերածվել է աղբանոցի: Ընդ որում՝ այդ վիճակը ոչ թե ծայրամասերում է տիրում, այլև հենց պատասխանատուների քթի տակ՝ մայրաքաղաքի թիվ մեկ կառույցի հարևանությամբ:
MediaHub-ը այս թեման բազմիցս է բարձրաձայնել, Երևանի քաղաքապետարանից էլ հետաքրքրվել էինք՝ որտե՞ղ պետք է ոչ կենցաղային աղբը քաղաքացիները թափեն, և ո՞վ պետք է այն հավաքի, քանզի մեզ դիմած քաղաքացիներն ահազանգել էին, որ նմանատիպ աղբը՝ կահույք, տեխնիկա, ներքնակներ և այլն, օրերով մնում են աղբամանի կողքին և աղբահանության ժամանակ դրանք չեն տարվում:
Ի պատասխան մեր հարցման Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն այդպիսի ծառայություն չունի, և այսօրինակ աղբը աղբամանի կողքը գցելը, փողոցում թողնելը օրենքի խախտում են։ «Կենցաղային աղբի աղբամանների կողքը որևէ այլ տեսակի աղբ թողնելը օրենքի խախտում է»,- շեշտել էին կառույցից։
Սակայն, լուծում չի գտնվում, և նույն Կենտրոն վարչական շրջանի մայթերին ամեն տեսակի աղբ կարելի է հանդիպել, ինչպես տեսնում ենք՝ տրենդային են հատկապես բազմոցները:
Այս խնդիրը շարունակում է մնալ գլխացավանք թե՛ երևանցիների, թե՛ քաղաքապետարանի համար, որն է լուծումը պարզ չէ:
Մարիաննա Արամյան