Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է, Գորիս համայնքը նորի՞ց կխոշորացնեն. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Առուշ Առուշանյանին պաշտոնից զրկելու, ապա նաեւ Պրոբացիոն ծառայության միջնորդությունը՝ ուղղված դատարանին, նրան կրկին կալանավորելու մասին, շատերին է զարմացրել, որովհետեւ թվում էր, թե Առուշն իր հարցերը լուծել է «իշխանության» հետ եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդության շնորհիվ այլեւս որեւէ խնդիր չունի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը, մի կողմից, շատ քինախնդիր է, մյուս կողմից՝ յուրայիններին «փուռը տալու» հարցերում էլ «աստված չունի»։ Բայց, մեր տեղեկություններով, Առուշի դեմ օպերացիան ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում։
Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ աշնանը մտադիր են Տեղ համայնքը միացնել Գորիս խոշորացված համայնքին եւ նոր ընտրություններ անցկացնել, որի արդյունքում արդեն հսկայական համայնքի գլխին լրիվ յուրային մեկը կնշանակվի։ Բանն այն է, որ առջեւում համապետական ընտրություններ են, եւ Առուշանյանը, ինչպես նաեւ Սյունիքի մյուս համայնքապետերը բոլորին ու ամեն ինչին կասկածող Նիկոլ Փաշինյանի լիարժեք վստահությունը չեն վայելում, եւ նա՝ հերթական վերարտադրմանն ընդառաջ, փորձում է իր ճանապարհից մաքրել բոլոր խոչընդոտները։ Թեպետ չի բացառվում, որ այս գործողությունները միտված լինեն Առուշին եւ մյուսներին ավելի շատ կոտրելուն, որ նրանք Փաշինյանին հավերժ հավատարմության երդում տան, եւ հարցը դրանով փակվի։
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չտրամադրեց հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։
Մեր տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որպեսզի հասկանա՝ ինչն է մերժման պատճառը, սակայն նրան մեկնաբանել են, որ դա մերժում չէ, եւ հնչեցված պատասխանը պայմանավորված է եղել ազատ օրի բացակայությամբ։ Այնուհետեւ Գառնիկ Դանիելյանը փորձել է հանդիպում կազմակերպել տնօրենի հետ. վերջինս համաձայնել է հանդիպել, սակայն, երբ Դանիելյանը զանգահարել է նրան, տնօրենը չեղարկել է հանդիպումը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հաստատեց այն՝ ասելով, որ զանգահարել է Կարեն Ղազարյանին, նա պատասխանել է, որ քաղաքում չի գտնվում եւ չի կարող հանդիպել։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով ցանկանում են խոչընդոտ առաջացնել շարժման առաջնորդների եւ աջակիցների համար։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, եւ այդ առիթով համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Նրանք որոշել են արձակուրդի վերջին օրերը միմյանց հետ անցկացնել՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց անելիքները։ Սա, իհարկե, նրանց առաջին արտագնա նիստը չէ․ նրանք պարբերաբար են դա անում՝ մայրաքաղաքից դուրս որեւէ հանգստավայր մեկնում։ Այդ նիստերին, որպես կանոն, մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։
Այս անգամ արտագնա նիստն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ են հրավիրել, որ քննարկեն, թե օրենսդիր մարմնում ինչ են անելու աշնանը։ Քննարկման թեմաներից մեկն էլ ամռանն ընդհատված՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն է, ինչպես նաեւ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ վարվելիք քաղաքականության մշակումը։ Մանավանդ որ սրբազանը հայտարարել է աշնանն ակտիվանալու մասին։ Բնականաբար, քննարկվելու են նաեւ արտաքին քաղաքական հարցեր եւ Հայաստանի խնդիրները բանակցային պրոցեսում։
Մեր տեղեկություններով, ֆրակցիան ամբողջ կազմով է մասնակցում, քննարկումները վարելու են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ Իշխան Սաղաթելյանը։ Երեկ մենք փորձեցինք զրուցել խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ, բայց մեծ մասը չէր պատասխանում զանգերին, հաջողվեց միայն Ագնեսա Խամոյանի հետ կարճատեւ հեռախոսազրույց ունենալ։ Նա նիստի մասին հարցերին պատասխանեց․ «Այս պահին ֆրակցիայի նիստի ենք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»։