Որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, շարունակում եմ ապրել Արցախում. Պողոսյան

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանն ազատվեց պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Մամուլում շրջանառվեց, որ Պողոսյանն այլ պաշտոնի է նշանակվելու: Վերջինս այսօր գրառում է արել, որում ասվում է.
«Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով որևէ գրառում չեմ կատարել, քանի որ այս ծանր ժամանակաշրջանում դա ավելորդություն եմ համարել: Այսօր էլ չէի անդրադառնա հարցին, եթե որոշ լրատվամիջոցներ չլծվեին իմ անձի շուրջ հերյուրանքներ տարածելու գործին՝ միտում ունենալով արհեստական աժիոտաժ ստեղծել:
Ընդամենը կընդգծեի՝ որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, ընտանիքիս և հարազատներիս հետ շարունակում եմ ապրել Արցախում:
Տոկունություն և համբերություն մեր ժողովրդին և Հանրապետության նախագահի գլխավորությամբ բոլոր պատասխանատուներին՝ այս ծանր փորձություններին դիմակայելու համար»,- գրել է Վահրամ Պողոսյանը: