«Առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմը»․ ՄԻՊ-ը վարպետաց դաս է անցկացրել

«Առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմը»․ ՄԻՊ-ը վարպետաց դաս է անցկացրել

Անահիտ Մանասյանն այսօր վարպետաց դաս է անցկացրել պետական կառավարման ակադեմիայի ուսանողների համար։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։ Նպատակն էր ուսանողների համար անցկացնել վարպետաց դաս՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամային իրավիճակներում» թեմայով։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին, խոսել է այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում ձեռք բերած պրակտիկ գիտելիքներն ու հմտություններն իրացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնելիս, մասնավորապես՝ նաև ճգնաժամային իրավիճակներում։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։

«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը, ինչը հնարավոր է բացառապես պատշաճ կրթական համակարգի առկայության պարագայում»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Վարպետաց դասի շրջանակներում ուսանողները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին։

Պատասխանելով անկախ և քաղաքական իշխանության ազդեցությունից զերծ լինելու վերաբերյալ հարցին` Պաշտպանն ընդգծել է, որ իր համար սկզբունքային են անկախությունն ու բացառապես մարդու իրավունքների արժեքներով առաջնորդվելու կարևորությունը։

«Երբեք չեմ ձգտել, չեմ ձգտում և չեմ ձգտելու անձնական վարկանիշ ձեռք բերել խնդիրները որպես ինքնանպատակ, բարձր տոնով բարձրաձայնելու միջոցով։ Իմ նպատակն է բացահայտել խնդիրները, հասցեավորել դրանք և բարեվարքության բոլոր պահանջները պահպանելով` համատեղ ուժերով դրանց համար մշակել և իրացնել լուծումներ»,֊ նշել է Պաշտպանը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ շատ է կարևորում նման ձևաչափի հանդիպումները` փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից»։