Պիտի դիմում գրենք, 20 անգամ զանգենք, էդքան էլ գնանք-գանք, որ մի բան լուծվի․ աղետի գոտում դեռ փոխհատուցում չեն ստացել

Անցած ամիսների ընթացքում MediaHub-ը պարբերաբար անդրադարձել է աղետի գոտում տեղի ունեցող իրավիճակին, լսել մարդկանց կարծիքները, բարձրացրել հուզող հարցերը, պատասխաններ փնտրել համապատասխան գերատեսչություններից։ Չնայած պետության կողմից հատկացվող աջակցություններին, ջրհեղեղից տուժած բնակավայրերում մարդիկ փոխհատուցում չեն ստացել գյուղատնտեսության ոլորտում կորցրածի դիմաց։
«Ամենաշատը գյուղական բնակավայրերն են տուժել։ Այգիս բանջարաբոստանային կուլտուրաներով, պտղատու ծառերով չկա։ Դեբետը քարերը բերել լցրել է այգիների վրա։ Այգեգործությունը մեր ընտանիքի հիմնական աշխատանքն էր, մնացինք անգործ»,- ասում է Քարկոփ գյուղի բնակիչը։
Պետությունը դրամական օգնություն է հատկացնում աղետից տուժած բնակիչներին, բայց, մեր զրուցակցի խոսքով՝ դա տները նորոգելու և կահավորելու համար է, որը 3 ամիս անց՝ դեռ չեն ստացել։
«Էս երկրում պիտի անընդհատ բողոքես։ Բնակարանի վերանորոգման գումարը դեռ չենք ստացել։ Մյուս կողմից գյուղատնտեսական սեզոնային աշխատանքի ամենաթեժ շրջանն է։ Բողոքեցինք, սայլը տեղից շարժվեց, հիմա պիտի դիմում գրենք, մի 20 անգամ զանգենք, մի էդքան գնանք-գանք, որ մի բան լուծվի։ Մեծ մարդիկ ենք, էնքան են տանում բերում, որ մարդու զահլա են տանում»,- ասաց տղամարդը։
Նշենք, որ աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման դիմումներ քաղաքացիներն Ալավերդու քաղաքապետարան կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը։
Հունան Թադևոսյան