Որ դեպքերում է միկրոալիքային վառարանում պատրաստված կամ տաքացված մթերքը համարվում վնասակար

Միկրոալիքային վառարանում պատրաստված ուտեստը չի առաջացնում քաղցկեղ ու չի ճառագայթում օրգանիզմը։ Սա ոչ այլ ինչ է, քան տարածված «միֆ»։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է իմունաբան, պաթոֆիզիոլոգ Ելենա Պերեցկայան՝ նշելով, թե իրականում որ դեպքերում է միկրոալիքային վառարանով տաքացված կամ պատրաստված մթերքը համարվում վնասակար։
Ինչպես նշել է իմունաբանը, միկրոալիքային վառարանում պատրաստված մթերքը չի կորցնում իր օգտակար հատկություններն ու ոչնչով չի տարվերվում գազօջախին կամ ջեռոցում պատրաստված մթերքից։ Նման ուտեստները կարող են վտանգավոր լինել միայն այն դեպքում, եթե դրանք տաքացվել կամ պատրաստվել են սխալ պլաստիկ տարայի մեջ։
«Եթե միկրոալիքային վառարանում տաքացնելու համար ձեր ճաշը կամ ընթրիքը դրել եք տոքսիկ բիսֆենոլ, ֆտալատներ ու տաքանալու դեպքում սննդի մեջ հայտնվող այլ վտանգավոր միացություններ պարունակող պլաստիկ տարայի մեջ, ապա դա միկրոալիքային վառարանի մեղքը չէ։ Պլաստիկ տարաների մեջ պետք չէ անգամ պահել սնունդը», – նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ նման տոքսիկ նյութերի ու միկրոպլաստիկի մասնիկների՝ օրգանիզմում հայտնվելուց խուսափելու համար հարկավոր է սնունդը տաքացնելու և պատրաստելու համար կիրառել միայն համապատասխան պիտակավորմամբ տարաներ։ Նման տարաները սնունդը միկրոալիքային վառարանում պատրաստելիս չեն դարձնի այն վնասակար։