ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ են անելու չլռել ու խոսել. Երևանում ակցիաներ են սպասվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ են անելու չլռել ու խոսել. Երևանում ակցիաներ են սպասվում

«Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առաջ, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ընթացիկ տարբվա նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ, նույն պահանջով ակցիաներ կիրականացվեն աշխարհի տարբեր երկրներում՝ հայաստանակենտրոն քաղաքներում։

«Այս ակցիանորով մենք ուզում ենք միջազգային կարևոր դերակատարների ուշադրությունը հրավիրենք Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների ու պատանդների հարցերին։ Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Պատասխանեմ, որովհետև կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան հենց ՄԱԿ-ի հովանու ներքո է ստորագրված և COP29 կազմակերպվում է որպես միավորված ազգերի կազմակերպության միջոցառում։ Ըստ այդմ, հենց այդ կազմակերպությունը կարող է ազդել Ադբեջանի վրա ճնշումներ գործադրելով»,-նշեց Ստեփանյանը, ավելացնելով, որ COP29-ին ընդառաջ աշխարհն ավելի շատ է խոսում գերեվարվածների մասին։ 

Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներին կփոխանցեն համապատասխան նամակները, քանի որ նրանք համարվում են Մինսկի խմբի համանախագահ երկրներ, մի միջազգային ֆորմատ, որի շրջանակներում տարիներ շարունակ ընթացել է արցախյան հակամարտության կարգավորումը։ 

«Այդ 3 երկրների ներկայացուցիչները հավաստիացրել էին Արցախի ժողովրդին, որ հակամարտությունը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ այսօր իրենց անգործությունը կամ  լռությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժի ու սպառնալիքի կիրառումը»։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ Մինսկի խմբի ներկայացուցիչները Ստեփանակերտում բազմիցս հանդիպումներ են ունեցել Արցախի իշխանությունների հետ և նրանք ավելի շատ պետք է շահագրգռված լինեն, բանակցեն, բարձրաձայնեն, որ Բաքվում պահվող պատանդառված անձինք հանցագործներ չեն, նրանք հանդիսացել են Արցախի ժողովրդի ներկայացուցիչները։ 

«Ինչ վերաբերվում է ՀՀ ԱԳՆ-ին․ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գերիների ու պատանդների հարցը ևս պետք է քննարկման նյութ դառնա։ Թեև ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից հնչող այն հավաստիացումներին, որ այս հարցով աշխատանքներ տարվում են, մենք ցանկանում ենք, որ այդ աշխատանքները  տեսանելի արդյունք ապահովեն»։

Նախաձեռնությանը միացել են Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպանները ևս։ Ակցիայի մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 11-ին:

Հունան Թադևոսյան