Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով։
Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատել է իր մասնակցությունը։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է երկկողմ կամ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք կտեղեկացնեն, եթե լինի նման պայմանավորվածություն․
«Դեռևս նման օրակարգ չկա»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Փաշինյանը, Ալիևը և Պուտինը Սանկտ Պետերբուրգում շփվելու հնարավորություն կունենան։
«Կոնկրետ պայմանավորվածություններ չկան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման վերաբերյալ, սակայն նրանք կարող են խոսել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում»,- նշել էր ՌԴ նախագահի խոսնակը։
Նկատենք, որ քաղաքագիտական հանրությունն այս պահին ավելի հավանական է համարում եռակողմ հանդիպման կայացումը՝ նշելով, որ Լաչինի միջանցքը մինչ այդ փակ կմնա, և հանդիպման արդյունքում պարզ կդառնա՝ որը կլինի Ադրբեջանի հաջորդ քայլը։
Նարե Գնունի