Բենզինի գինը` 280 դրամ, բայց ոչ ամենուր. ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում 

Բենզինի գինը` 280 դրամ, բայց ոչ ամենուր. ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում 

Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր այն մասին, որ բենզինի գինն իջել է։ Մասնավորապես, նշվում է Արարատ քաղաքի տարածքում գործող բենզալցակայանը, որտեղ բեզնինն այս օրերին վաճառվում է 280-330 դրամով։ Սակայն Երևանի տարածքում ոչինչ չի փոխվել՝ բենզինի գինը 490-530 դրամի սահմանում է:

Ինչպե՞ս է այդպես ստացվում. այս հարցը բարձրաձայնում են նաև MediaHub-ի ընթերցողները՝ շարունակելով, թե ինչո՞ւ է բենզինի գինը Երևանում է մնում նույնը, իսկ Երևանից դուրս՝ նվազում։

Այս հարցով դիմեցինք ՄՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանին՝ հասկանալու, թե ինչո՞ւ է այսպիսի մեծ գնի տարբերություն բենզինի շուկայում։ Սակայն հանձնաժողովում տեղեկացված չէին։

«Մենք բենզինի շուկան ուսումնասիրում ենք և գների մոնիթորինգ ենք անում, բայց Արարատում մասնաճյուղ չունենք, որ գնանք նայենք և տեղում հարցում չենք արել: Կարող է դա փոքր սուբյեկտ է, և ընդհանրապես մեր թիրախում չի»,- նշեց Սմբատյանը։

Ու քանի որ վերահսկող չկա, Արարատի տարածքում բենզալցակայանի մոտ կիլոմետրանոց հերթեր են գոյանում:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ գրել էինք, որ բենզինի գինը նույնն է մնացել, սակայն հեղուկ գազի գինը տատանվում է․ որոշ տեղերում 210-220 դրամով է վաճառվում, իսկ որոշ լցակայաններում նույնիսկ 150 դրամով:

Մարիաննա Արամյան