Ուզում եմ խոսել ապագա կնոջս բնավորության մասին․ է, չեմ ճանաչում․ կատարյալ աբսուրդ․ Ծատուրյան
Նրանք ուզում են այս նոնսենսը վերացնեն, դրա համար ուզում են հանձնաժողովում նստեն, նայեն, որպեսզի այս ապուշությունը կարողանան արդարացնեն։ Իմ ուսանողներն ուզում են, որ ժողովուրդ էլ լինի, պատկերացնում եք՝ ուսանողներ, որ նոր-նոր են բեմ բարձրանում, տեսնում են դատարկ դահլիճ և տասը գամված հայացքներ. նա չի կարող անել այն, ինչ արել է, չի կարող տալ այն զգացմուքները, որոնք հիմքում դրվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով այն արգելքի մասին, որը դրվել է իր ղեկավարած կուրսի ներկայացման վրա։
Նշենք, որ ուսանողները դասադուլ են անում։ Պատճառն այն է, որ համալսարանի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա։ Թատերականի սաները նշում են, որ արգելքն անհիմն է, քանի որ ռեկտորը նույնիսկ ներկայացումը չի դիտել։ Ստեղծագործության հեղինակ Էդգար Կոստանյանն ասել է, որ ռեկտորն արգելել է ներկայացումը, քանի որ ուսանողական թատրոնի բեմից հայհոյանք է հնչել:
«Իմ նպատակն էր ոչ թե ուսանողական ներկայացում դնել, այլ ներկայացում։ Եվ չասեն՝ հա, դե ուսանողներ են էլի, ոչինչ․ ոչինչ չկա մեզ մոտ։ Չէ որ ամբողջ հանձնաժողովի նպատակը պետք է լիներ տեսնել, թե որքան են երեխաներն ավելի բնական. նրանց դա չի հետաքրքրում, կպել են չգիտեմ ինչերից»,-ասաց նա։
Հարցին՝ գուցե ներկայացման մեջ շեշտադրումներ կան իշխանությունների, պատերազմական իրավիճակում հայ մարդու կերպարի հետ կապված, որին էլ քննադատորեն են մոտենում ռեկտորատը կամ այլ մշակութային գործիչներ, վերջինս պատասխանեց․ «Չեն նայել ախր, ո՞նց կարող են խոսել։ Ես ուզում եմ խոսել իմ ապագա կնոջ բնավորության մասին, է, չեմ ճանաչում, կատարյալ աբսուրդ է»,-նշեց նա և հավելեց, որ չի ուզում այլևս հանձնաժողովը նայի, քանի որ իր կարծիքն արդեն արտահայտել է և դժվար թե փոխի։
Մանրամասները՝ տեսանյութում։