Սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ, Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը. Մամուլը՝ սուրճով

Սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ, Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են: Երեկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է արել, որին մասնակցել են արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ խորհրդի այլ անդամներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը վստահեցրել է. «Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց մինչեւ օրս չի քննարկվել»: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելու սահմանադրական պահանջից: ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հիմնական դրույթներից մեկն էլ հենց «կայուն մեծամասնության» վերաբերյալ հոդվածից հրաժարվելն է: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, եւ ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը՝ տեղերի 54%-ը:

Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձեւավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը եւ ներդնել սովորական՝ համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։ Ի դեպ, Երեւանում հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական երրորդ համաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն եւս կողմ է կայուն մեծամասնություն ձեւավորելու պահանջից հրաժարվելուն: Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու, քանի որ այս գործընթացը դեռ անցնելու երկար փուլեր ունի. նախ ԱԺ-ում պետք է քննարկվի, այնուհետեւ դրվի հանրաքվեի։ Մեկ անգամ եւս արձանագրենք, որ որքան էլ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է եւ որեւէ այլ երկիր չի կարող միջամտել, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մայր օրենքը «սրբագրելու» գործին ձեռնամուխ եղավ հենց Ալիեւի հոխորտանքներից հետո»:

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, «դեռ աշխատասենյակ չմտած», կխաղաղեցնի վիճակը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար: «Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»:

Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր հայտարարություն է առաջին հերթին այն առումով, որ ընտրարշավի ողջ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թրամփի հաղթելու հավանականությունը շատ մեծ է: Դրա վերջին ակորդը նրա նկատմամբ իրականացված մահափորձն է, որի հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան, սակայն շատերը միակարծիք են, որ դա ավելի բարձրացրեց նրա հաղթելու հավանականությունը: Իսկ ի՞նչ կլինի նման ելքի պարագայում: Հասկանալի է, որ առաջին հերթին Ռուսաստանը վերականգնելու է իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան, որին, ըստ փորձագետների, դեմ չէ նաև Թրամփը՝ առաջին հերթին որպես բիզնես մտածողություն և բիզնես հետաքրքրություններ ունեցող գործիչ:

Դրանից հետո, բնականաբար, Ռուսաստանն ավելի լրջորեն է զբաղվելու Հարավային Կովկասով: Սա հասկանում են նաև Հայաստանի իշխանությունները և հենց այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, որոշակի «սիրաշահումներ» են սկսել ի ցույց դնել ռուսների նկատմամբ: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն աշնան սկզբին կարող են դրսևորվել ռուսամետության ցցուն ժեստեր: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Ռուսաստանը, ուկրաինական պատերազմից ձեռքերն ազատելուց հետո, կարող է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կողմնակից լինել: Ընդ որում, ըստ իշխանական կուլիսներում առկա խոսակցությունների, դա կարող է լինել Արևմուտքի հետ պայմանավորված, և նոր խորհրդարանի 70 տոկոսը կազմված կլինի ռուսամետ և ազգային ուժերից, 30 տոկոսը՝ արևմտամետներից...

«Հրապարակ» թերթը գրում է. «Արձակուրդից վերադառնալուց հետո ՔՊ-ականներն աշնանային քաղաքական եթերաշրջանը բացելու են նախկիններին ու մանավանդ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու չարչրկված երգով։

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին թալանչիների թեման, եւ սրանով են պայմանավորված դատական համակարգում տեղի ունեցող վերջին ջարդը եւ հատկապես Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելը, ում ԲԴԽ-ն մեղադրեց «մեր դատական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկը»՝ Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու համար։

Իշխանությունում կարծում են, որ պլինտուսի հավասարված իրենց վարկանիշը քիչ թե շատ բարձրացնելու փոքրիկ շանսը Քոչարյանի եւ նախկինների գործոնը կրկին խաղարկելու մեջ է, որով փորձելու են պատերազմի, պարտության եւ դրանց հաջորդած բոլոր դժբախտությունները նորովի, թարմացված վերագրել նախկիններին եւ նրանց թալանին, որ հաջորդ ընտրություններին էլ կարողանան քվե կորզել հանրությունից՞: