Գնդակը Մամիկոն Ասլանյանի թիմի դաշտում է

Գնդակը Մամիկոն Ասլանյանի թիմի դաշտում է

Մամուլն այսօր գրել էր, որ Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը պատրաստվում է վայր դնել մանդատները, և կոչ է անում մյուս խմբակցություններին ևս նույնկերպ վարվել, որպեսզի հանրապետության երրորդ քաղաքը գնա նոր ընտրությունների։

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանին երկու տարի է՝ չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած անհասկանալի դատական պրոցեսների շնորհիվ ավագանու նիստերի վրա արգելանք է դրվել, և իշխանության կողմից նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ահա, վերջերս դատարանը վերջնական մերժել է ԼՀԿ-ի հայցը, բայց արգելանքը դեռ չի հանել։ Սրան զուգահեռ, իշխանությունն իր հերթին չի շտապում համայնքի ղեկավար ընտրել, քանի որ չունի բավարար ձայներ։

Վանաձոր ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ լուրը նոր չէ, մեկ ու կես տարի է, ինչ իրենք առաջարկում են մանդատները վայր դնել ու գնալ նոր ընտրությունների։

«Որևէ բան չի փոխվել մեր օրակարգում ու մեր առաջարկը միշտ ուժի մեջ է։ Չգիտեմ՝ ինչու է մամուլն այս թեմային հիմա անդրադառնում։ Թե՛ մեր քաղաքական ուժը, թե՛ «Հայրենիք» կուսակցությունը՝ Վահե Դոխոյանի գլխավորությամբ, այս առաջարկը բազմաթիվ անգամներ հնչեցրել են, սակայն ոչ մի արձագանք չի եղել։ Իսկ հիմնական արձագանքողը պետք է լիներ «Ասլանյան» դաշինքը, քանի որ իր ձայներն ամենաշատն են, ու եթե մենք մանդատները վայր դնենք, ապա ավագանին ինքնին կլուծարվի»,- նշեց Ալավերդյանը։

Փաստացի, գնդակը շարունակում է մնալ «Ասլանյան» դաշինքի դաշտում։ Այս խմբակցության ավագանու անդամները համառորեն մեր զանգերին չեն պատասխանում, որպեսզի հասկանանք, թե իրենք ինչ տրամադրվածություն ունեն, հատկապես, որ մեկ ամսից կլրանա երկու տարին, ինչ իրենց խմբակցության առաջին համարը կալանքի տակ է, և ինչպես ընդդիմությունն է պնդում՝ քաղաքական պատճառներով։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որից հետո «Լուսավոր Հայաստանը» վիճարկեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Դրան զուգահեռ կալանավորվեց հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Ու քանի որ քաղաքը մնացել էր անգլուխ, 2022 թվականի մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը Արկադի Փելեշյանին նշանակեց Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։  Իշխանական «Իմ քայլն» էր նախաձեռնել օրենքի փոփոխությունը՝ հայտարարելով, թե սրանով կհանգուցալուծվի արդեն չորս ամիս ղեկավար չունեցող Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակը։

Փելեշյանը Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա պաշտոնավարել է մինչև 2021-ի տարեվերջ՝ մինչև Մամիկոն Ասլանյանի կալանավորումը։

Նարե Գնունի