Արցախի իշխանությունը փակ հանդիպումներ է ունենում բնակչության հետ, խուճապ տարածում․ Գալստյան

Արցախի իշխանությունը փակ հանդիպումներ է ունենում բնակչության հետ, խուճապ տարածում․ Գալստյան

Կես տարի է՝ Արցախը գերության մեջ է։ Հումանիտար աղետն էլ ավելի է խորանում՝ կապված Ադրբեջանի կիրառած վերջին սահմանափակումների հետ, երբ արգելվեց Լաչինի միջանցքով ցանկացած տեղաշարժ։ 

Արցախից ահազանգում են՝ պարենի, վառելիքի, դեղորայքի դեֆիցիտ կա, հիվանդանոցներում կան մարդիկ, որոնց Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա։ 

Այս ամենի ֆոնին ի՞նչ տրամադրություններ են Արցախում․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ Նրա խոսքով՝ ամեն տեղ սղությունն արդեն զգացվում է, մարդկանց մոտ էլ անհանգստությունն է ավելանում։ 

«Ու մեր իշխանությունները, ցավոք սրտի, չեն հասկանում, որ իրենք կոչված չեն Արցախի վերջին իշխանությունը լինելու։ Իրենց քայլերից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են լինել Արցախի վերջին իշխանությունը։ Եվ հենց այդ նպատակով ժողովրդի հետ փակ հանդիպումներ են կազմակերպվում, խուճապային տրամադրություններ սերմանում։ Ոչ ադեկվատ քայլեր են արվում, որպեսզի արդարացվի Արցախի իշխանության անգործությունը»,- կարծիք հայտնեց արցախցի պատգամավորը։ 

Դավիթ Գալստյանի դիտարկմամբ՝ պետք է կույր լինել՝ չտեսնելու համար, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախից։ 

«ՀՀ իշխանությունը խոսում է Արցախը Ադրեջանի մաս ճանաչելու մասին։ Այո՛, Հայաստանը չի հրաժարվել մեզնից, Հայաստանի օրվա իշխանությունն է դա արել, այլևս Արցախի ինքնորոշման հարցով բանակցել չեն էլ ուզում։ Հայաստանի մասին խոսելիս Արցախի հարցը սկսեցին տարանջատել։ Էլ ի՞նչ սպասենք։ Պառակտիր, որ տիրես սկզբունքով են շարժվում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները, ու դա, ցավոք, Ադրբեջանի օրակարգի սպասարկում է»,- նշեց նա։ 

Արցախի ԱԺ պատգամավորը նկատեց՝ երբ Փաշինյանն Արցախը վերջնականապես իր ստորագրությամբ բռնակցի Ադրբեջանին, թշնամու հաջորդ քայլը Սյունիքում է լինելու։ 

«Թշնամին կետ առ կետ առաջ է գնում, իսկ օրվա իշխանություններն այս ծրագրի շարժող ուժ են դարձել»,- ասաց նա։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անընդհատ հնչող հայտարարությանը, թե ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ և չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցել, Դավիթ Գալստյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքում մի ճիշտ կետ կա․ իրեն չեն ընտրել ու մանդատ չեն տվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ 

«Ցավոք, այս պահին Հայաստանի ու Արցախի իշխանությունները լծված են հակահայ որոշումներ առաջ տանելու գործին։ Եվ սրան հակադարձ պետք է լինի ժողովրդի համախմբում։ Եթե չլինի իշխանափոխություն, ցավալի վիճակում ենք հայտնվելու։ Արդեն իսկ հասունանում է պահը, մարդիկ պատրաստ են ընդվզման»,- ամփոփեց խոսքը Դավիթ Գալստյանը։

 

Նարե Գնունի