Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի

Այսօր՝ մայիսի 2-ին, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել է իր վրա, երբ ինքը փորձել է տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել է նաև գումար, ապա դիմել է փախուստի։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել է նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Պարզվում է նաև տուժած քաղաքացու ինքնությունը։