Ո՞ւր են Բեյրութում թաբուլե, հումուս ուտողները, հանգիստը վայելողները. Լիբանանում աշխարհից նեղացած են

Ո՞ւր են Բեյրութում թաբուլե, հումուս ուտողները, հանգիստը վայելողները. Լիբանանում աշխարհից նեղացած են

Արդյո՞ք Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցման եզրեր կգտնեն հրադադարի շուրջ։ Ամիսներ շարունակվող ռազմական գործողությունները ավերակ են դարձրել ամբողջ Գազայի հատվածն ու Լիբանանի հարավը։ Զոհերի թիվը հասնում է հազարների, դրանց թվում՝ անհաշվելի են խաղաղ բնակիչները։ Բեյրութահայ Գրիգոր Զոհրապ Խաչատուրյանը կարծում է, որ եթե անգամ հրադադար հաստատվի, ապա հակամարտությունը դրանով չի լուծվի։

«Ես կարծում եմ վերջին շրջանում Նեթանյահուի և Զինված ուժերի նախկին հրամանատարի վրա արտաքին ճնշումներով պայմանավորված, նրանք համաձայնել են հրադադար հաստատել, բայց դա հարցի ամբողջական լուծումը չէ։ Իսրայելի առաջնորդի նպատակը՝ Լիբաբանն ու Գազան վերացնելն է և իր տարածքներն ընդլայնելը։ Ի՞նչ է կատարվում Լիբանանում. դրա մասին շատ են խոսել։ Ամեն օր ավելի սարսափելի է դառնում այստեղ մնալը, իսկ Գազան բլոկադայի մեջ է։ Այս անմեղ ժողովուրդը ընդամենն ապրել է ուզում, խաղաղ ու անվտանգ։ Բայց ոչ ոք չի լսում մեր ձայնը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։ 

Խաչատուրյանը նեղացած է աշխարհից ու այն անհատներից, որոնք ոչ միայն հումանիտար աջակցություն չեն ցուցաբերում Լիբանանին, այլև հոգեբանական։ Խոսքը նաև Հայաստանում ապրող հայրենակիցների մասին է։ 

«Երբ պատերազմը վերջանա, այդ ժամանակ կխոսեմ։ Խաղաղ ժամանակ բոլորին հաճելի էր հյուրընկալվել Լիբանանում՝ հանգստանալ, համտեսել լիբանանյան  թաբուլե, հումուս, վայելել Բեյրութի գիշերային կյանքը, իսկ պատերազմի ժամանակ նրանք ոչ մի էմպատիա չցուցաբերեցին Լիբանանին և լիբանանցիներին, այդ թվում մեզ՝ մեծ հայկական գաղութին»,-իր վրդովմունքը հայտնեց նա։ 
Չնայած հրադադարի մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին, մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին էլ ռազմական գործողությունները շարունակվում են։  

«Սիոնիստների պետության և «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը ղեկավարում է արնախում Նեթանյահուն»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան