Արցախի նախագահն այսօր հանդես կգա ուղերձով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ուղերձով: Այս մասին հայտնում են MediaHub-ի արցախյան աղբյուրները:
Հիշեցնենք, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Նախօրեին ուշ երեկոյան Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեց, որի ընթացքում հայտարարություն ընդունվեց:
Արցախի Ազգային ժողովի հայտարարությունում, մասնավորապես, նշված է․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսին կատարած հայտարարությունը, որով նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում։
Նիկոլ Փաշինյանն իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին․ առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։
Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։
Արցախը երբեք չի հրաժարվելու պայքարի իր անշեղ ուղուց։
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից Հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ մայիսի 22-ի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»։
Լիաննա Թորոսյան