Պայթյուն է եղել բնակելի շենքում, որն ամբողջությամբ փլուզվել է. կան տուժածներ․ Թեհրան

Առնվազն տասը մարդ վիրավորվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակելի թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է Թեհրանի քաղաքապետարանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին, ում խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։
Պայթյունը հանգեցրել է հին եռահարկ շենքի ամբողջական փլուզմանը։ Նախնական տեղեկություններով՝ բնակիչները փորձել են ջրհոր փորել, ինչը հավանաբար գազի արտահոսքի պատճառ է դարձել, որին հաջորդել է պայթյուն, հրդեհ և փլուզում։
Այս պահին հայտնի է տասը տուժածի մասին, բոլորը տեղափոխվել են բուժհաստատություններ։ Մալեքին նշել է, որ վիրավորների ճշգրիտ թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Պայթյունի ալիքը կոտրել է հարևան 12 շենքերի պատուհանները և վնասել մի քանի կայանված մեքենաներ։