Ոստիկանությունը Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ-ին

Ոստիկանությունը Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ-ին

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին MediaHub-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

MediaHub-ի տեղեկություններով` ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ 

Աճանանի գյուղապետը մեզ պատմեց, որ մայրուղու տարածքում գյուղացիները կեղտոտ, կանաչ շորերով մեկին են տեսել, որը կասկածելի է թվացել իրենց։ Ոստիկանություն են դիմել, որից հետո ադրբեջանցին ձերբակալվել է։

Հիշեցնենք նաև, որ սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրիպղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։
Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ 

MediaHub-ի հետ զրույցում մի քանի սյունեցիներ պատմեցին, թե իրականում սպանության մեջ կասկածվում է այն ադրբեջանցի զինծառայողը, որն այսօր հայտնաբերվել է և ձերբակալվել Աճանան գյուղի տարածքից։

Լիաննա Թորոսյան