«Փյունիկի» հաջորդ մրցակիցը մոլդովական «Շերիֆն» է

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» «Ցրվենա Զվեզդային» զիջելուց հետո պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ «Փյունիկի» մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող «Շերիֆը», որը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլում պարտվել է չեխական «Վիկտորիա Պլզենին» (1:2, 1:2)։
«Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Իսրայելը ներկայացնող «Մաքաբի Հայֆայի» հետ։ Իսրայելական թիմը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 4։0 հաշվով հաղթել էր Կիպրոսի «Ապոլոնին», իսկ պատասխան խաղում՝ պարտվել 0։2 հաշվով։
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Փյունիկի» և «Շերիֆի» միջև հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին և 25-ին։