Ադրբեջանը «սպառնու՞մ է»․ ո՞վ է մեղավոր և ինչու՞ է տապալվել Ալիև-Փաշինյան հանդիպումը Լոնդոնում

Բաքուն և Երևանը միմյանց մեղադրեցին Ալիև-Փաշինյան հանդիպումը խաթարելու մեջ, որը կարող էր կայանալ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ Լոնդոնում Ալիևի հետ հանդիպելուց հրաժարվելը գնահատում են նահանջ խաղաղության օրակարգից։
ՀՀ ԱԳՆ–ն հակառակն է պնդում` հայկական կողմն է առաջարկել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն, ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Սակայն, ի՞նչ էր տեղի ունեցել Լոնդոնում, արդյո՞ք այս հայտարարությամբ Ադրբեջանը «սպառնում է» Հայաստանի Հանրապետությանը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
«Ադրբեջանը նման սպառնալիքներ հաճախակի է տալիս։ Ի՞նչ է կատարվել այնտեղ, իմ կարծիքով, հանդիպման նախաձեռնությունը բրիտանական կողմինն է եղել և պետք է ենթադրել, որ բրիտանական կողմն իր օրակարգով է այդ հանդիպումը փորձել կազմակերպել։ Օրակարգ, որը բնականաբար, համապատասխանում է ադրբեջանական օրակարգին»,– ասաց Դանիելյանը։
Իսկ ինչու է բրիտանական օրակարգն համապատասխանում ադրբեջանական օրակարգին, քանի որ, ըստ քաղաքագետի, Մեծ Բրիտանիան մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում՝ հիմնականում հանքային ոլորտում․ բրիտանական կողմին հետաքրքրում է ադրբեջանական կոմունիկացիան։
«Ըստ երևույթի՝ խոսքը պետք է գնար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը Սյունիքով կանցներ և հայկական վերահսկողություն չէր լինի, ինչը Ադրբեջանը միշտ պահանջում էր։ Իմ կարծիքով՝ հայկական կողմը հրաժարվել է այդ նախապայմաններով, այդ օրակարգով հանդիպել և առաջարկել է հանդիպել օրակարգը փոխելով, իսկ ադրբեջանական կողմը, իր հերթին, հրաժարվել է օրակարգը փոխել, որը, նաև, բրիտանական օրակարգ է։ Այստեղ է տրամաբանությունը, որ երկու կողմերը իրար մեղադրում են չհանդիպելու մեջ»,– նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, որ ՀՀ–ն նահանջում է խաղաղության օրակարգից, իսկ Հայաստանը իր հերթին վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, Դանիելյանը մեկնաբանում է, որ խնդիրն օրակարգն է՝ ադրբեջանական կողմն իր օրակարգն ունի, Հայաստանն այդ օրակարգից խուսափում է։
«Ադրբեջանը ուժային միջամտության սպառնալիքներով է հանդես գալիս, Հայաստանն էլ հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել, պատրաստ է «խաղաղության պայմանագիր» կնքել, սակայն, ենթադրվում է առանց Սյունիքի միջանցքի վերահսկողությունից հրաժարվելով։ Այդ հայտարարություններն անելով, հայկական կողմը ցույց է տալիս, որ եթե ինչ–որ ռազմական գործողություններ լինեն պատասխանատուն Ադրբեջանն է, քանի որ Հայաստանը համաձայն է գնալ համագործակցության, բանակցությունների և պայմանագիր կնքելուն»,– եզրափակեց Դանիելյանը։