«Վիկա ծյոծա, չթողնես, որ մահանամ»․ մայրապետից բուժքույր դարձած Վիկտորիան՝ Արցախի ճգնաժամի օրերի մասին

«Դժվար էր բլոկադայի ժամանակ, բայց հիմա իննամսյա դժվարությունների մասին հեռվից երանությամբ եմ հիշում, որովհետև տանն էինք ու գտնված ինչ-որ բան միմյանց հետ կիսելու ձևը գիտեինք։ Տալոնով հացը, թանկ վաճառված միրգը, գյուղից ձեռք բերված բանջարեղենը, մի խոսքով, ովքեր անցել են դրա միջով, կհասկանան։ Մսի պակաս չկար, մենք էլ գյուղում անասնապահությամբ էինք զբաղվում, իսկ ահա հացը խնդրահարույց էր։ Սարուշենից հազիվ ալյուր էինք գնել, թխված հացը, որ մենակ ուտեի, հաստատ չէի մարսի, կիսում էի»,- MediaHub-ին պատմում է Շոշ գյուղի բնակչուհի Վիկտորիա Մայիլյանը։
Մեր զրուցակիցը հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի մայրապետն էր: Վերջինիս համար Ստեփանակերտի բժշկական կենտրոն գնալ գալը խնդիր դարձավ այն ժամանակ, երբ Արցախը պաշարման մեջ հայտնվեց։ Հաճախ գնում էր ոտքով, ճանապարհին պատահած մեքենայով, քանզի կարևորը քաղաք հասնելն էր, բայց հետո խնդիր էր երեկոյան այնտեղից գյուղ գալը։
Հուլիսի կեսերից մինչև օգոստոս շոշեցիների քաղաք գնալ գալու խնդիրը լուծվել է։ Վիկտորիան ասում է, որ սոցիալական ցանցում արված իր հայտարարությամբ մի վարորդի հետ է ծանոթացել։ Շոշեցիք պայմանավորվել են, որ դիզվառելիքով մեքենան շաբաթը մի քանի անգամ գյուղից քաղաք ելումուտ անի։ Այդպես այդ հարցը փոքրիշատէ լուծվել է նրա շնորհիվ։
«Սեպտեմբերի 18-ին իմ հերթափոխի օրն էր։ Սովորականի պես խաղաղ էր առօրյան, փոխարենը մենք էինք տագնապի մեջ, որովհետև այդ օրերին իրար հետևից ծառայություններն առաջնագծում մեկ ուժեղացնում, մեկ թուլացնում էին։ Առավոտյան հերթս հանձնեցի, բայց պետք է սպասեի մինչև երեկո, որ մեքենան գար, այդ ընթացքում բժշկության մասին պատկերացումներս փորձում էի վերածել գործի։ Այդ ամենը սովորում էի բժիշկներից։ Միայն հետո հասկացա, որ սովորածս իզուր չէր»,- պատմում է Վիկտորիան։
Կեսօրին Արցախը դղրդում էր թշնամու հասցրած օդային ու հեռահար հարվածներից։ Վիկտորիան, որի ընտանիքը, անչափահաս որդին Շոշում էին, իսկ բջջային կապը բացակայում էր, մնացել է երկընտրանքի առաջ․ մնալ, թե՞ գնալ։
«Հասել էի Դաշուշենի խաչմերուկ։ Այնտեղից առաջ գնալ ռուսները չէին թողնում։ Նրանք ճանապարհին կանգնեցրել էին 2 BTR, ասում էին՝ «առաջ գնալ չեք կարող, վտանգավոր է»: Ես գոռում էի, որ երեխաս այնտեղ է, թողեք գնամ, ասացին՝ «ամեն ինչ լավ կլինի, հիմա Շոշը տարհանելու համար խորհրդակցություն է գնում»։ Ի՞նչ լավ, ես լսում էի, թե ինչպես է մեր գյուղը հրետակոծվում։ Հետ եկա քաղաք։ Երեխաները լաց էին լինում, իսկ ես ինձ այնքան թույլ ու վատ ծնող էի զգում այդ ժամանակ, որ մերոնց կողքին չեմ»,- ասում է նա:
Հրետակոծվող Ստեփանակերտի փողոցներով Վիկրորիան հասնում է հիվանդանոց: Ասում է, որ մի զարմանալի գերբնական ուժ է զգացել, ինքն իրեն հույս տվել, որ կոտրվել չկա։
«Ժամ առ ժամ շատանում էին վիրավորները, հիվանդանոցում նաև մահեր էին արձանագրվում։ Իրար հույս տալով աշխատում էինք։ Երեկոյան Շոշից վիրավորներ են բերել, նրանցից մեկն ասաց՝ Շոշն արդեն չկա, գյուղը գրավել է թշնամին։ Ես աղաչում էի, որ դա չասեն, որովհետև երեխաս այնտեղ էր։ Մինչև կապ հաստատեցի ամուսնուս ու սկեսրայրիս հետ՝ բոլորը տարհանվել էին, սիրտս հանգստացավ, սկսեցի մտածել միայն վիրավորների մասին»,- կյանքի դժոխային օրերը վերհիշելիս արտասվում է մեր զրուցակիցը։
Վիկտորիայի ընտանիքը շատերի պես որոշել էր սեպտեմբերի 25-ին հեռանալ Արցախից, քանի որ մնալն օր օրի ավելի վտանգավոր էր դառնում։ Ծանոթները որոշակի քանակության վառելիք էին տրամադրել։ Ինքը գիտեր, որ դա չի հերիքի, բայց ասել է՝ «Աստված մեծ է, կհասցնի»։ Տեսնելով, որ խցանումն այդ օրը մեծ է, մի կերպ դուրս է եկել շարասյունից, ընտանիքի հետ վերադարձել քրոջ տուն։
«Խցանումները սկսվել էին քաղաքի սկզբից ու երևի մինչև Հակարի կամուրջ այդ վիճակն էր։ Իրարանցում։ Հիվանդանոց գնալու ճանապարհին մի մեքենա կանգնեց, որից իջան մերկ ու սևացած տղամարդիկ, նրանք գոռում էին, որ մարդիկ են մահանում, ճանապարհ տվեք. ես քարացել էի։ Զանգեցի հիվանդանոց, բուժքույրերից մեկին հարցրեցի՝ նոր վիրավորներ են բերե՞լ, ասաց՝ «մի քանի վիրավորներ են հիվանդանոցում, նոր դեպքեր չկան, հանգիստ է», ի՞նչ իմանար, որ մի քանի րոպեից ասեղ գցելու տեղ չի լինի նաև միջանցքներում։ Թե անձրևի տակ ինչ ուժով եմ հասել հիվանդանոց 6 րոպեում, ինքս էլ չգիտեմ»,- ասում է նա։
Րոպեների ընթացքում հիվանդանոցը լցվում է վիրավորներով։ Նույնիսկ իր տղայի հասակակից երեխաներ. «Նրանցից մեկը, որ ճանաչում էր ինձ, ասաց՝ «Վիկա ծյոծա, չթողնես, որ մահանամ»: Ես չէի ճանաչում, բայց բոլորին հավասար օգնել եմ»։
Մայրապետից բուժաշխատող դարձած երիտասարդ կինն առ այսօր էլ հիշում է բոլորին դեմքերով, սակայն, շուտով 6 ամիս կլինի, հանգիստ չի քնում․ «Մարդիկ, որ բռնում էին իմ ձեռքից, աղերսող հայացքներով նայում ու խոսելով մեռնում աչքիս առաջ. տանջվում եմ»։
Այդ ժամանակ քիչ թվով բժիշկներ էին մնացել Ստեփանակերտում։ Փոքր թիմի մեջ էր նաև Վիկտորիան։ Նրանք արել են հնարավորը, որ մի քանի կյանք ավելի փրկեն։
Մեր զրուցակիցն Արցախը չի լքել նաև 44-օրյա պատերազմին։ Հիմա էլ հույսը չի կորցնում, որ վերադառնալու է, որ ամեն ինչ մի օր առաջվանն է լինելու։ «Ես ծնվել ու մեծացել եմ Լոռու մարզի Բագրատաշեն գյուղում, բայց Արցախն էի իմ տունը համարում։ Ցավ եմ ապրում, որ չկարողացա հրաժեշտ տալ Շոշին։ Իսկ կյանքն ինձ համար կանգ առավ սեպտեմբերի 28-ին, երբ լքեցի Արցախը։ Գաղթի ճամփին կանգնեցրել եմ մեքենան, մի բուռ հող բերել որպես հուշ, իսկ տարիների մեր աշխատանքի արդյունքն ու լավ օրերը թողեցի Շոշում, որտեղ երևի մի օր կվերադառնամ»,- հավելում է նա։
Հունան Թադևոսյան