Մենք հեղափոխություն չենք ուզում անել․ մի անգամ արեցին, տեսանք՝ ինչ արդյունք ունեցանք․ Վանեցյան

Մենք հեղափոխություն չենք ուզում անել․ մի անգամ արեցին, տեսանք՝ ինչ արդյունք ունեցանք․ Վանեցյան

Ես այս իշխանությանը մեկնաբանել չեմ ցանկանում, որովհետև նրանք այլևս իշխանություն չեն Հայաստանում, այլևս կորցրել են իրենց մանդատը, նրանք պարզապես իրավիճակին չեն տիրապետում և վերջին ճիգերն են գործադրում՝ մարդկանց մոլորեցնելով, խաբելով, նոր, անհասկանալի երևույթներից խոսելով։ Այս մասին MediaHub.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը՝ խոսելով իշխանական պատգամավորների հայտարարությունների մասին, թե ընդդիմության նպատակը իշխանության գալն է։ 


«Երկրում իրավիճակը փոխված է, ժողովուրդը փողոցում է, ունի հստակ պահանջ և այդ պահանջին մենք անպայման հասնելու ենք։ Մենք հեղափոխություն չենք ուզում անել, հեղափոխությունը լավ բան չէ, հեղափոխություն մի անգամ արեցին, տեսանք՝ ինչ արդյունք ունեցանք, մեր պահանջը հստակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի ձևավորվի հայկական շահով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանա լուծել բոլոր խնդիրները, որոնք սրանք բերել են մեր գլխին»,- ասաց նա։


Խոսելով ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն արտահայտության մասին, թե իրականում ոստիկանությունը ուժ չի կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ Վանեցյանը պատասխանեց, որ կան ոստիկաններ, որոնք իրականում հայրենասեր են, պետականամետ են, բայց այսօր ստիպված են կատարում այս իշխանության հրամանները։ «Կարծում եմ՝ շուտով կտեսնենք, թե ինչպես է ոստիկանությունը կանգնում ժողովրդի կողքին»։ 

 

Լիաննա Թորոսյան