1 միլիոն դրամ 6 ամիս ծառայելու համար․ կանանց մասին աղմկահարույց օրինագիծն ԱԺ-ում է

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Կառավարության օրինագծերը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին զեկուցելու համար ԱԺ է եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ անելիս նախատեսվում է ներդնել իգական սեռի կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ 

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն դիմում կարող են ներկայացնել իգական սեռի 18-20 տարեկան քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ 

Սուրեն Պապիկյանը նշեց, որ 6-ամսյա ժամկետը լրանալու, կամ մինչեւ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում նրանք ստանալու են պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը 6 ամսվա բաժանելու եւ փաստացի ծառայած ամիսների թվով բազմատակելու արդյունքում ստացվածի չափով։

«Իրավունք են ունենալու 6-ամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրելու փոխարեն Պաշտպան հայրենյաց ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։ Այդ դեպքում, բնականաբար, օգտվելով այս ծրագրի բոլոր արտոնություններին»,-նշեց Պապիկյանը։

Ներկայացնելով «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը՝ Պապիկանն ասաց, որ նախագծով սահմանվում է կանանց զինվորական հաշվառումը, հաշվառումը դադարեցնելու դեպքերը, այն է՝ մինչեւ զորակոչվելու օրը զորակոչվելուց գրավոր հրաժարվելը, կամ առողջական վիճակի պատճառով  եւ/կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչի ոչ ենթական լինելը։

Մանրամասն՝ տեսանյութում