Արտակարգ դեպք՝ էջմիածնում. Chevrolet-ն բախվել է տաղավարին, ապա էլեկտրասյանը, մեքենաների. վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում վրացական համարանիշերով Chevrolet մակնիշի ավտոմեքենան էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ էջմիածնի մշակույթի տան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է խելացի կանգառի հարևանությամբ գտնվող կրպակին, այնուհետև բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային, ապա էլեկտրասյանն ու կայանված Toyota Camry մակնիշի ավտոմեքենային և մասնակի հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի նախկին Ճանապարհային ոստիկանության տեսուչը և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Արամ Մելքոնյանը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով էլեկտրասյան վրայից LED լուսային սարքը պոկվել ու ընկել է կայանված Opel-ի վրա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու հիվանդանոց տեղափոխված Chevrolet-ի վարորդի ինքնությունը: