Եգիպտոսի նախագահը Գազայի հատվածի վերականգնման ծախսերը ավելի քան 90 միլիարդ դոլար է գնահատել

Ավելի քան 90 միլիարդ դոլար կպահանջվի Գազայի հատվածը վերականգնելու համար, որն ավերվել է իսրայելական բանակի կողմից գնդակոծությունների պատճառով։ Հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։
Նա ասել է, որ Եգիպտոսը «չի կարող դավաճանել Պաղեստինի ժողովրդին ու կանի հնարավոր ամեն բան՝ նրան պաշտպանելու և աջակցելու համար»։
Ըստ աս-Սիսիի՝ Եգիպտոսը սկսել է մարդասիրական օգնություն հասցնել անկլավի բնակիչներին օդային ճանապարհով՝ այն ցամաքային ճանապարհով փոխադրելու հետ կապված դժվարությունների պատճառով: Նախագահը նշել է, որ Գազայի հակամարտությունը «մարտահրավեր է ինչպես Եգիպտոսի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։ «Մենք ճգնաժամերի միջով ենք անցնում, բայց մշարունակում ենք անձեռնմխելի պահել երկրի սահմանները ինչպես հարավում, այնպես էլ այլ ուղղություններով»,- ասել է Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։ Իսրայելը հայտնել է 1,4 հազար զոհված քաղաքացիների մասին, Պաղեստինի իշխանությունները Գազայում զոհերի թիվը նշել են ավելի քան 30 հազար: 2024 թվականի փետրվարին հակամարտող կողմերը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպել են Կատարի Դոհայում, քննարկել են զինադադարի հնարավորությունը, սակայն մինչ այժմ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Գազայի իշխանությունները մարտերի վնասը գնահատել են 15 միլիարդ դոլար։