Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերով ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը համայնքների սոցիալ-տնտեսական հարցերով ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումների շրջանակում համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների վերաբերյալ նախ զեկուցումներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտին և շրջկենտրոններին վերաբերող հարցերը ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարները:

Քննարկման օրակարգում միջհամայնքային և ներքաղաքային փողոցների բարեկարգմանը և ասֆալտապատմանը, խմելու և ոռոգման ջրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև սանմաքրմանը, գիշերային լուսավորությանը և այլ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերն էին:

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով Կառավարության կողմից նախատեսված է տրամադրել զգալի միջոցներ, սակայն, հաշվի առնելով կարիքների մեծ ծավալը, բարձրացված բոլոր խնդիրները լուծում կստանան փուլ առ փուլ՝ ըստ առաջնահերթության: Նախագահն ընդգծել է, որ պետք է խթանիչ մեխանիզմներ նախատեսվեն համայնքների սեփական եկամուտների ավելացման և Կառավարության ու համայնքների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման համար։

Բռնազավթված շրջանների և քաղաքային համայնքների՝ հանդիպմանը ներկա  ղեկավարների հետ քննարկված հիմնական հարցերը վերաբերում էին բնակարանների կառուցման ընթացքին և կորցրած գույքի դիմաց տրվող ֆինանսական աջակցությանը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ներկայացված հարցերը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից, և իշխանությունների խնդիրն է օր առաջ իրականացնել նախանշված ծրագրերը: 

Բարձրացված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

Հանդիպման ընթացքում փակ ընթացակարգով քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք»: