Ռուսական խռովության ոդիսականը

Ուկրաինական պատերազմի հենց սկզբում ենք արձանագրել՝ մեր համար հավասարապես վտանգավոր է լինելու Ռուսաստանի կատարյալ հաղթանակը կամ ֆիասկոն:
Եթե Ռուսաստանին հաջողվեր «կլանել» Ուկրաինան, ապա հաշված օրերի ընթացքում Հայաստանը ու հետսովետական այլ երկրներ կզրկվեին ինքնիշխանությունից:
Սակայն շատ ավելի վտանգավոր հետևանք կարող է լինել ռուսական կատարյալ ֆիասկոյի դեպքում: Այդ պարագայում՝ տարածաշրջանում առաջացող անվտանգային վակուումը լցվելու է ոչ թե ԱՄՆ-ով կամ Ֆրանսիայով, այլ ուժեղանալու է թուրքական գործոնը՝ դրանից բխող հետևանքներով:
Խոսենք փաստերով:
Ուկրաինական ճակատում ռուսական անհաջողություններին ու Ռուսաստանի հեղինակության անկմանը զուգահեռ՝ ԼՂ-ում զարգացավ անբարենպաստ այն վիճակը, որն ունենք այսօր՝ իր հնարավոր ողբերգական հետևանքներով:
Հիմա գանք Պրիգոժինի խռովությանը, ինչի զարգացման հեռանկարից մեր հայտնի շրջանակները քաղաքական էքստազի մեջ էին հայտնվել:
Եթե Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ ծավալվեր՝ այդ պետության թուլացման հեռանկարով, ապա տարածաշրջանային միակ երկիրը, որը կարող էր կանգնել ընդհուպ պետություն կորցնելու հեռանկարի առաջ՝ Հայաստանն էր լինելու, որովհետև դժվար չէ պատկերացնել, թե Ուկրաինային աջակցող ԱՊՀ միակ երկիր Ադրբեջանը ու ծավալվելու մեծ տարածություն ստացած Թուրքիան ինչպիսի ախորժակով էին օգտվելու ստեղծված իրավիճակից:
Ռուսաստանում, բարեբախտաբար, հաղթահարվեց ներքին անկայունության կամ քաղաքացիական պատերազմի վտանգը:
Արդեն այն հանգամանքը, որ Ռուսաստանի իրադարձությունները մարտահրավեր չստեղծեցին գլոբալ անվտանգության համար ու անվտանգային վակուում չառաջացրեցին մեր տարածաշրջանում, դրական է:
Իսկ ավելի խորքային անալիզի համար դեռ ժամանակ կգտնվի:
Վահրամ Բագրատյան