Քանի՞ ռուսական դպրոց են ՀՀ-ում բացելու և ո՞ւմ համար են դրանք նախատեսված․ մանրամասներ

Քանի՞ ռուսական դպրոց են ՀՀ-ում բացելու և ո՞ւմ համար են դրանք նախատեսված․ մանրամասներ

Օրեր առաջ ռուսական լրատվամիջոցները, մեջբերելով ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևայի խոսքը, գրել էին, որ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը քննարկում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը։ MediaHub.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր, թե քանի՞ դպրոցի մասին է խոսքը, և արդյո՞ք նաև հայ երեխաների համար են այդ դպրոցները նախատեսված լինելու։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու ԿԳՄՍՆ-ի պատասխանները։

- Հայաստանի հետ կապված գործընթացն ի՞նչ փուլում է։

- Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետությունում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու և հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 17-ի հմ. 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ և հաստատվել է վերջինիս կազմը:

- Ե՞րբ է նախատեսվում սկսել գործընթացը։

- Աշխատանքային խմբի օրակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի քննարկման հարցերը:  Տեղեկացնում ենք, որ Ձեր բարձրացրած հարցի շուրջ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ տեսակապի միջոցով: Աշխատանքային խմբի առաջին քննարկումն անցկացվել է մարտի 15-ին:

- Քանի՞ ռուս-հայկական դպրոց է բացվելու մեր երկրում։

- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվը 45 է, որը բավարարում է ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար։  

- Ովքե՞ր են հնարավորություն ստանալու սովորել այդ դպրոցներում, մասնավորապես, հայ ծնողների երեխաները կարո՞ղ են սովորել, թե՞ միայն ռուսների երեխաների համար են նախատեսված լինելու այդ դպրոցները։

- Ագային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից: Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

Նարե Գնունի