«Ինձ վատ եմ զգում»․ Արագածոտնի մարզպետը խոստացավ շտկել կայքի խնդիրները

ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերջինս շարունակում է ընդունել քաղաքացիներին, քանի՞ քաղաքացի է ընդունել այս տարի և ինչ խնդիրներ է լուծել։ 

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ պատասախանեց, որ ամեն ուրբաթ քաղաքացիների ընդունելություն է տեղի ունենում։ 

«Իրականում, մի քանի ուրբաթ քաղաքացիներին ընդունել չի հաջողվել, քանի որ աշխատում էինք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, հիմա կդժվարանամ թիվ նշել, բայց կասեմ, որ հարյուրավոր քաղաքացիներ ենք ընդունել։ Միայն ուրբաթ օրերը չէ, որ հանդիպումներ են լինում, շաբաթվա ցանկացած օր, երբ կա հնարավորություն, մենք ընդունում ենք բոլոր քաղաքացիներին»,-ասաց նա։

Բագրատյանն արձագանքեց, թե մարզպետարանի կայքում նշված է, որ վերջին հանդիպումը քաղաքացիների հետ եղել է 2019 թվականին։ 

«Այդ ժամանակ դուք մարզպետ էիք, թե չէ, քաղաքացին կմտածի, թե դուք ընդունելություն չեք կազմակերպում ու, ցավոք, նման պատկեր է»,- ասաց Բագրատյանը՝ խնդրելով շտկել բացը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն էլ արձագանքեց, որ Սերգեյ Մովսիսյանը տարվա լավագույն մարզպետ է ճանաչվել։ 

Սերգեյ Մովսիսյանն էլ հույս հայտնեց, որ կայքով զբաղվողը կտեսնի այս տեսագրությունն ու կզբաղվի խնդրով։

«Վատ եմ զգում ձեր հարցից, իմ վատ զգալու պատճառը տվյալ մարդու վատ աշխատանքն է։ Մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հետևողական ուսումնասիրում եմ, այdտեղ ամեն ինչ լուսաբանվում է, բայց կայքի հետ կապված հուսով եմ խնդիրները լուծում կստանան, եթե լուծում չստանա, խոսք եմ տալիս անձամբ հետևել կայքի թարմացմանը»,- ասաց մարզպետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում